![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgyp69Uqip9SeNWHgBthDDjzAsAZyQffM7X2JBsfbmGWd7woCfUVhYmTVut-v2TIRIXjdQppcBrZhuLjutZzgmFqjuGugXpfHRZnn8tFXUHEwf89SzMr1FJSY0eNt159PMHiWruCirwyEuN/s1600/98.jpg)
Ասել, թե նրա կարծիքն անակնկալ էր, թե նա անսպասելի որեւէ բան արտահայտեց, թերեւս խիստ դժվար է: Սպասելի էր, որ Սերժ Սարգսյանը պետք է խորհուդ տար ջերմ վերաբերել բանակին, պետք է ասեր, որ բանակում մահերը նոր չեն, պետք է ասեր, որ բանակի մասին պետք է սրտացավ խոսել եւ քաղաքական դիվիդենտ չհավաքել բանակի հաշվին: Հազիվ թե նա որեւէ այլ բան ասեր, եթե արդեն բավական երկար ժամանակ նույն բանն են ասում նրա ահել ու ձահել կուսակիցները: Իսկ նրանք չեն ասի որեւէ բառ, եթե վստահ չլինեն, որ այդ բառը լիովին համապատասխանում է Սերժ Սարգսյանի պահանջներին:
Անսպասելին թերեւս այն էր, որ Սերժ Սարգսյանը “զզվում է բոլոր այն մարդկանցից, ովքեր փորձում են բանակի հաշվին քաղաքական դիվիդենտներ շահել և, առաջին հերթին, այն մարդկանցից, ովքեր փորձել են բանակում ծառայել ու չի ստացվել, բոլոր այն մարդկանցից, ովքեր փորձել են դերակատարություն ունենալ մեր զինված ուժերի կայացման գործում, բայց միայն վնասել են: Պետք է հեռու լինել բոլոր նրանցից, ովքեր ժամանակին շատ բարձր պաշտոններ են զբաղեցրել մեր զինված ուժերի կառավարման համակարգում, բայց այդպես էլ չեն կարողացել հասկանալ, թե ի՞նչ է հայկական բանակը և ի՞նչ են, ընդհանրապես, մեր զինված ուժերն իրենցից ներկայացնում”:
Այդպիսի մարդկանցից իսկապես պետք է զզվել: Եվ որպեսզի զզվանքի ամբողջ ծանրությունը չընկնի միայն նախագահի վրա, լավ կլինի թերեւս, որ Սերժ Սարգսյանը հանրությանը շատ ավելի կոնկրետ ասի, թե ում նկատի ունի ասելով. “ովքեր փորձել են բանակում ծառայել ու չի ստացվել, բոլոր այն մարդկանցից, ովքեր փորձել են դերակատարություն ունենալ մեր զինված ուժերի կայացման գործում, բայց միայն վնասել են: Պետք է հեռու լինել բոլոր նրանցից, ովքեր ժամանակին շատ բարձր պաշտոններ են զբաղեցրել մեր զինված ուժերի կառավարման համակարգում”:
Ովքե՞ր են այդ մարդիկ, կոնկրետ: Ի՞նչ են անում նրանք հիմա: Ինչ են արել բանակում պաշտոններ զբաղցրած ժամանակ: Ի՞նչ նկատի ունի Սերժ Սարգսյանը ծառայության չստացվելու մասին խոսելով: Ո՞ւմ նկատի ունի: Ովքե՞ր են, որ վնասել են զինված ուժերի կայացմանը: Գերագույն գլխավոր հրամանատարը թերեւս պետք է մանրամասնի իր խոսքը, որպեսզի հասարակությունը, քաղաքացիները հստակ իմանան, թե ումից է պետք զզվել: Ի վերջո, Սերժ Սարգսյանն անկախության տարիներին բավական բարձր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում բանակում, եւ գիտե բաներ, որոնք իրեն տալիս են զզվելու կամ սիրելու հիմքեր: Բայց որպեսզի հասարակությունն էլ ճիշտ զզվի կամ սիրի, պետք է ինֆորմացված լինի: Հետեւաբար Սերժ Սարգսյանի խոսքի հանրային ընկալման արդյունավետության խնդիրը պահանջում է մանրամասնել, թե ում նկատի ունի նա:
“Ես կոչ եմ անում բոլոր առողջ դատողություն ունեցող մարդկանց, կոչ եմ անում բոլոր հայրենասեր ուժերին, ի վերջո, կոչ եմ անում մեր քաղաքացիներին, որպեսզի մեր բանակին վերաբերեն ջերմությամբ, չեմ բացառում` նաև խստությամբ, բայց մեր բանակը, նորից եմ կրկնում, մեր հպարտության առարկան է: Ես հպարտանո՛ւմ եմ մեր բանակով”, ասում է Սերժ Սարգսյանը:
Շատ իզուր է նրա այդ կոչը: Բանն այն է, որ քաղաքացիներն առանց իր այդ կոչի էլ ջերմ են վերաբերում բանակին, որովհետեւ բանակում ծառայում են հենց այդ քաղաքացիների, ոչ թե բանակի մասին ամպագոռգոռ խոսքեր շռայլող իշխանության ներկայացուցիչների որդիները, ամուսիններն ու հայրերը: Քաղաքացին ջերմ է վերաբերում այն կառույցին, որտեղ իր զավակն է ծառայում: Ու հենց այդ ջերմ վերաբերմունքն է պատճառը, որ մարդիկ չեն ցանկանում լռել բանակում առկա խնդիրների մասին, որովհետեւ զավակներին ջերմությամբ ուղարկում են բանակ, բայց մեկ էլ ստանում են նրանց սառը մարմինները:
Եթե քաղաքացին, հասարակությունը բանակի կարեւորությունն ու արժեքը չհասկանար, պատերազմի տարիներին սոցիալական զրկանքները լռությամբ չէր կրի հանուն բանակի քիչ թե շատ հուսալի մատակարարման: Հայաստանի քաղաքացին լավ գիտե բանակի արժեքը, եւ իշխանությունից ոչ թե դասախոսություն է սպասում, թե ինչ բան է բանակը, ինչ արժեք ունի եւ ինչ կարեւորություն, այլ բացատրություն է սպասում, թե ինչու են բանակում անմեղ մարդիկ սպանվում խաղաղ պայմաններում:
Գերագույն գլխավոր հրամանատարի խոսքը, իր խորությամբ, իր ընդգրկումով, իր շեշտադրումներով, թերեւս պետք է տարբերվեր մանր ու միջին կալիբրի պատգամավորների կամ փորձագետների խոսքից, ներառեր իրավիճակի քաղաքական գնահատականն ու ստանձներ հետագա զարգացումների պատասխանատվությունը:
Գոնե, խոսելով իր զգացողության` զզվանքի մասին, Սերժ Սարգսյանը փորձեր մի երկու բառով էլ անդրադառնալ այն ծնողների զգացողությանն ու զգացումներին, ում որդիները մահացել են բանակում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
No comments:
Post a Comment