Wednesday, October 20, 2010

Հոֆման. «Հույս ունենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կանցկացնի Մ. Սարիբեկյանի մահվան հանգամանքների լիարժեք հետաքննություն»

Panorama.am. 20-10-2010- Գերմանուհի հայտնի իրավապաշտպան, «Ցեղասպանության ճանաչման հանձնախումբ» աշխատանքային խմբի ղեկավար Տեսսա Հոֆմանը Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ նամակով դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Յակոբ Կելլենբերգին:
ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումների հիման վրա հակիրճ ներկայացնելով հարցի էությունը` Տ. Հոֆմանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարի ուշադրությունն է հրավիրում այն փաստի վրա, որ. «Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ու Բաքվում և Հայաստանում նրա ներկայացուցչություններին ուղղված Հայաստանի պաշտոնատար անձանց և իրավապաշտպանների բոլոր դիմումներն ու խնդրանքներն այդպես էլ արդյունք չտվեցին: Երեք շաբաթվա ընթացքում, երբ Մանվել Սարիբեկյանը Բաքվում գերության մեջ էր, ընդհուպ մինչև վերջինիս վաղաժամ մահը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն, ինչպես նաև կազմակերպության տեղական ներկայացուցիչներն այդպես էլ չկարողացան հանդիպել նրա հետ և ոչ էլ կարողացան որևէ կերպ բարելավել տղայի վիճակը»:

«Այս երիտասարդ տղայի վաղաժամ մահը դաժան կտտանքների կամ էլ ուղղակիորեն սպանության արդյունք է»,-կարծում է Տ. Հոֆմանը:

Նամակում ասված է. «Մենք կարծում ենք, որ Հարավային Կովկասում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը, ինչպես նաև կազմակերպության կենտրոնական ղեկավարությունում մանրամասնորեն տեղյակ են ադրբեջանա-հայկական երկարատև հակամարտությունից և Ադրբեջանում լայնորեն տարածված «հայատյացության» մասին: 20-րդ դարում Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում բազմիցս հայերի հանդեպ զանգվածային բնաջնջման և բռնությունների դեպքեր են արձանագրվել (Բաքու 1918թ., Շուշի 1920թ., Սումգայիթ 1988թ., Մարաղա/Ղարաբաղ 1992թ., Բաքու 1990թ.,), ինչպես նաև`մեկ անձի սպանություն ազգային պատկանելության հողի վրա (Գուրգեն Մարգարյան` փետրվար 2004թ., Բուդապեշտ):

Այս համատեքստում երիտասարդ հայ տղայի գերեվարումն ու ազատազրկումն ադրբեջանական բանտում, ինչպես նաև` նրա նկատմամբ կտտանքների կիրառման կասկածները պետք է անհապաղ անհանգստացնեին ձեր կազմակերպության տեղական ներկայացուցչություններին: Մենք ակնկալում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համապատասխան արձագանքը Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ: Ավելին, մենք կցանկանայինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հավաստիացումներ ստանալ Մ. Սարիբեկյանի մահվան հանգամանքների վերաբերյալ լիարժեք հետաքննություն անցկացնելու պատրաստակամության մասին: Մենք նաև կցանկանայինք իմանալ, արդյոք, դուք սատարում եք հետաքննության մեջ Հայաստանի Հանրապետության փորձագետների մասնակցության վերաբերյալ հայկական կողմի պահանջը»:

Նամակի պատճենները Տեսսա Հոֆմանը ուղարկել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայկական և ադրբեջանական ներկայացուցչություններին:

No comments: