Wednesday, October 20, 2010

Թուրքիան հրաժարվել է իր տարածքում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրել

News.am. 20-10-2010- Եվրոպայի տարածքում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրելու պաշտոնական պատճառաբանությունը «իրանական հրթիռների սպառնալիքն է»: Ամերիկացիները հույս ունեն, որ բացի Եվրոպայից նման համակարգեր կտեղադրեն նաեւ Թուրքիայում, քանի որ իրանական հրթիռներից իրապես պաշտպանվելու համար Թուրքիան շատ կարեւոր տարածք է: ԱՄՆ իշխանությունները նման խնդրանքով դիմել են Թուրքիային:
Բուլղարական BGNES գործակալությունը հաղորդում է, որ թուրքերն արդեն մերժել են այդ խնդրանքը, ինչը կասկածի տակ է դնում ամերիկյան ծրագրերի իրականացումը:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ թուրքական կողմն իր կամ ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար ոչ մի սպառնալիք չի տեսնում իր հարեւաններից:
Բալկանյան երկու երկրները` Բուլղարիան ու Ռումինիան, որոնք Թուրքիայի պատմական թշնամիներն են եղել, բոլորովին այլ կարծիքի են եւ Սիրիային ու Իրանին համարում են եվրոպական անվտանության ու կայունության լուրջ սպառնալիք: Այդ երկու երկրներն էլ համաձայնել են իրենց երկրում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղադրել:

No comments: