News.am. 25-10-2010- Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում 30 տարի անց առաջին անգամ աղոթք է հնչել։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլից ժամանած Պոլսո Հայոց փոխպատրիարք արք. Արամ Աթեշյանը, Դիարբեքիրի Ս. Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ Թեքին Փափուչյանը, գրող Մկրտիչ Մարկոսյանը, Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը եւ Թուրքիայի այլ վայրերից, Սիրիայից ու Եվրոպայից ժամանած բազմաթիվ հայերը աղոթել են դեռեւս վերանորոգման փուլում գտնվող Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում։ Արք. Արամ Աթեշյանը նշել է, թե հաջորդ տարի այս եկեղեցու բացումը Աղթամարի պես մեծ հանդիսավորությամբ կիրականացվի եւ պատարագ կմատուցվի։ «Աղթամարի Սուրբ Խաչի պես այս եկեղեցին եւս հայերի համար կարեւոր է։ Այն Միջին Արեւելքի ամենամեծ հայկական եկեղեցին է եւ ունի 1400 քմ աղոթատեղի։ Այս եկեղեցու հետ կապված մենք մի այլ կերպ ենք ուրախ, քանի որ այն մեր ձեռքից չեն վերցրել, այն մեր եկեղեցին է։ Հուսով եմ հաջորդ տարի այստեղ մեծ հանդիսավորությամբ պատարագ կիրականացնենք»-նշել է Պոլսո պատրիարքական ընդհանուր փոխանորդը։ Հայերի հետ աղոթքին մասնակցած Դիարբեքիրի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրը նշել է, թե ինչքան որ ինքը Դիարբերքիրում իրավունքներ ունի, այնքան էլ հայերը ունեն։ «Մեր մարգարեները տարբեր էլ լինեն, միեւնույնն է, դուք իմ եղբայրներն եք։ Խնդրում եմ, ընդունեք իմ եղբայրությունը։ Ես պարզ եւ անկեղծ եմ ասում։ Ձեր առաջ ես ինձ պարտական եմ զգում։ Ես պարտք եմ ձեզ։ Այս քաղաքը ինչքան որ իմն է, այնքան էլ ձերն է»-նշել է Դիարբեքիրի քաղաքապետը՝ ընդծելով, որ Սուրբ Կիրակոսի բացումը կիրականացվի հայ եղբայրների հետ միասին եւ այդ հանդիպումները շարունակական կլինեն։ Նշենք, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին 1980-ից թողնվել է բախտի քմահաճույքին։ Այնուհետ, Ստամբուլում ապրող դիարբեքիրցի հայերը ստեղծել են «Սուրբ Կիրակոս հիմնադրամ»՝ վերանորոգելու եկեղեցին։ 2,5 մլն դոլար արժողությամբ վերանորոգման ծախսերի 70 տոկոսը իր վրա է վերցրել հայկական հիմնադրամը, իսկ 30-ը՝ Դիարբեքիրի քաղաքապետարանը։
Monday, October 25, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment