Tuesday, November 9, 2010

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 15.6 տոկոսով

Panorama.am. 9-11-2010- Այս տարվա ինն ամիսների ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 15.6 տոկոսով: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետություն է ժամանել 487902 զբոսաշրջիկ, իսկ 2009 թվականին նույն ժամանակաշրջանում Հայաստան է ժամանել 422081 զբոսաշրջիկ: Զբոսաշրջիկները հիմնականում Հայաստան են ժամանել Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից, Եվրամիության անդամ երկրներից:
Մ. Ապրեսյանը նշեց, որ այս տարի հունվար-սեպտեմբեր ամիսներին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 474617 մարդ: 2009 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ հունվար-սեպտեմբեր ամիսներին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնած մարդկանց թիվն աճել է 19.2%:

No comments: