Friday, March 4, 2011

ԻՍԿ Ո՞Վ Է ԽՈՍՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ

«ԱԶԳ», 04-03-2011- Թերեւս միայն ադրբեջանցիները, որոնք շրջանառության մեջ են դրել «Ղարաբաղյան առաջին պատերազմ» հասկացությունը: Իսկ դա ենթադրում է, որ «երկրորդը» ոչ միայն բացառված չէ, այլեւ «գրեթե անհրաժեշտություն է»:
Այդ հարցում նրանց որոշակիորեն ուղղորդում են նաեւ որոշ «միջազգային փորձագիտական կենտրոններ», որոնք կարծես խնդիր են դրել ֆոն ստեղծել, որ «եթե ԼՂ-ի շուրջը տարածքները չդեօկուպացվեն, ապա պատերազմի հավանականությունը կմեծանա»: Իսկ ադրբեջանական կողմը չի զլանում պատկերն ավելի խտացնել` «պատերազմն անխուսափելի կլինի»:
Այս ամենն, իհարկե, մատուցվում է «խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու ցանկության» մասին քարոզչական հնարքներով: Ավելին, վերջին ժամանակներս, դիմելով օտարերկրյա վիզավիների, ադրբեջանական լրատվամիջոցներն առաջին հարցը ձեւակերպում են այսպես. «Պաշտոնական Երեւանն ավելի ու ավելի շատ է խոսում հանուն Ղարաբաղի պատերազմի վերսկսման մասին...»:
Արտառոցն այս ցինիկ ձեւակերպումը չէ, այլ` որ օտարներն էլ իրենց հերթին «տրվում են» դրան եւ սկսում դատողություններ անել: Ընդհանրության մեջ դրանք հանգում են նրան, որ «պատերազմը հարցերի լուծման լավագույն տարբերակը չէ, բայց այն լիովին բացառելն էլ անմտություն կլինի»:
Օտարներին հասկանալ կարելի է. նրանք չափազանց հեռու են եւ անվտանգ, որպեսզի իրենց նեղություն տան բառեր ընտրելիս լինել զգուշավոր: Որոշ դեպքերում, հնարավոր է, նրանք նաեւ ցանկանում են իրադարձությունների շիկացում: Ի վերջո, դա նաեւ «նրանց հացն» է:
Անբնականն ադրբեջանական իշխանությունների ռազմատենչությունն է: Անբնական` բոլոր առումներով: Բացի մեկից: Դա սեփական ապաշնորհության համար մեղքն ուրիշների վրա բարդելու մղումն է:
Տրամաբանորեն` խնդրի կարգավորմամբ ամենաշահագրգիռ կողմը պիտի լիներ Ադրբեջանը: Իսկ նա համառորեն խուսափում է դրանից: Օրերս ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին հարցազրույց էր տվել Այազ Մութալիբովը: Դա անմեղսունակության բացահայտ դրսեւորում էր: Վաղը կամ երկու տասնամյակ անց, հնարավոր է, նույն կերպ դեպքերի համար պատասխանատվությունն ուրիշի վրա է բարդելու Իլհամ Ալիեւը: Մինչդեռ պետք է հասկանար, որ պետության ղեկավարին չի պատշաճում անվերջ դժգոհություններ հնչեցնել:
Շատ բնական է, որ աշխարհում եղել են, կան եւ լինելու են ուժեր, որ չեն ցանկանում ԼՂ-ի հարցի լուծումը: Բայց դա նրանց քմահաճույքը կամ «հակաադրբեջանականությունը» չէ: Այդ ուժերն առաջնորդվում են սեփական ազգային շահի գերակայությամբ: Եթե չեն ուզում, ուրեմն նրանց պետք չէ, որ «այստեղ եւ այժմ» հարցը կարգավորվի: Ասել, թե դրանով նրանք «պաշտպանում են Հայաստանին», ինչպես Իլհամ Ալիեւն է ներկայացնում, պարզապես հիմարություն է:
Իրականում շատ դժվար կլինի պարզապես չուզենալ, եթե Ադրբեջանը դրսեւորի լուծման գնալու կամք: Այդ ուժերը չեն ցանկանում, քանի որ Ադրբեջանը չունի կարգավորման սեփական հայեցակարգը: Իլհամ Ալիեւի համար «լուծումն» այն է, երբ ամեն ինչ «կվերադառնա ամենասկզբին»:
Բայց դրանից ի՞նչ է փոխվելու: Այս հարցի պատասխանը նա չունի: Իսկ նրա մատնանշած ուժերը գերազանց գիտեն, որ «դրան հետեւելու է մի նոր, ավելի պայթյունավտանգ լարվածություն»: Իսկ եթե «թունելի վերջում» այդ հեռանկարն է ամենաիրական պատկերվում, ապա ինչո՞ւ պիտի նրանք շահագրգռված լինեն դրանով:
Ինչպես ռուսներն են ասում` «ՌչՐՈ վպ րՑՏՌՑ րՉպփ»: Հանուն նոր պատերազմի միջազգային միջնորդությունն ինչո՞ւ պիտի «վերացնի» ավարտված պատերազմի հետեւանքները, որոնք, ըստ էության, երաշխավորում են ներկա փխրուն խաղաղությունը:
Եվ, իրոք, անտրամաբանական է այս իրավիճակը «պայթեցնել», որպեսզի հետագայում էլ ջանքեր գործադրվեն` մարելու «բռնկված հրդեհը»: Դա նույնն է, եթե կրակի մոտից բենզինով լի շիշը հեռացնելու փոխարեն ավելի մոտեցնեն: Այդպես կարող են վարվել խելագարները, կամիկաձե-ահաբեկիչները, բայց երբեք` պետությունը: Առավել եւս` միջնորդ երկրները:
Իսկ Իլհամ Ալիեւն իր բարձր հասակով կանգնած` սպառնում է ձեռքի դյուրավառ հեղուկով լի շիշը նետել «մարմրող հակամարտության» էպիկենտրոն, եթե... Այդ «եթե»-ն, ըստ էության, ոչինչ չի նշանակում: Ինչպես ոչինչ չի նշանակում ահաբեկչի «արդարացումը», որ ինքնաթիռ է առեւանգում, քանի որ «այլ ելք չունի»:
Ահաբեկիչների հետ սովորաբար ոչ ոք չի բանակցում: Բացառություն է լինում, երբ ահաբեկիչը խաղաղ մարդկանց պատանդ է վերցնում: Այսօր, ըստ երեւույթին, Իլհամ Ալիեւին հնարավորություն են տալիս բանակցելու, քանի որ նա «պատանդ է պահում» իր ժողովրդին: Հանուն այդ ժողովրդի եւ տարածաշրջանի ողջ բնակչությանը «պատանդություից ազատելու» է, որ միջորդներն ու Հայաստանը շարունակում են կարգավորման ուղիների փնտրտուքը:
Ի հակակշիռ այդ ջանքերի, Իլհամ Ալիեւը շարունակում է խաղալ «ահաբեկչի» դեր: Եվ սա է, որ արժեզրկում է բանակցային գործընթացը: Քանի որ ինչքան քաղաքակիրթ են Ադրբեջանի հետ հարաբերությունները, այնքան Իլհամ Ալիեւը դա գնահատում է որպես «թուլության» նշան: Եվ ըստ այդմ էլ կարծրացնում է դիրքորոշումը:
Պատկերավոր ասած, նա ցուցադրում է «մահապարտի գոտին» եւ սպառնում իրեն էլ, բոլորին էլ պայթեցնել, եթե... «Мочить в сартире», նմանների մասին ասում էր Վլադիմիր Պուտինը :
Այո, թերեւս արդեն ժամանակն է, որ ե՛ւ միջնորդ երկրները, ե՛ւ ամբողջ միջազգային հանրությունն իրենց հերթին «վերջնագիր» ներկայացնեն Իլհամ Ալիեւին. «Կարգավորո՞ւմ ես ուզում, ուրեմն ընդունիր առաջարկվող բոլոր երեք սկզբունքները»: Ընդ որում` առաջին տեղում դնելով ուժի չկիրառումը:
Հակառակ պարագայում չկա երաշխիք, որ Իլհամ Ալիեւը «չի պայթեցնի» իրեն եւ ողջ տարածաշրջանը: Իսկ դա ակնհայտորեն ոչ ոքի պետք չէ: Քանի որ այդ դեպքում «կրակի մեջ նույնիսկ շագանակներ չեն մնա», որպեսզի դրանք ինչ-որ մեկն ինչ-որ մեկի ձեռքով հանի եւ վայելի:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments: