Saturday, November 6, 2010

ԻՐԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Թեհրան-Թբիլիսի համագործակցությունից կարող է շահել Հայաստանը, եթե ճիշտ օգտագործի տարանցման իր դիրքը
«ԱԶԳ», 06-11-2010- Նոյեմբերի 3-4-ը Վրաստանում էր Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին: Այս այցը եւ այցելության ընթացքում ստորագրված փաստաթղթերը կարեւոր են ոչ միայն վրաց-իրանական հարաբերությունների խորացման, այլեւ Հայաստանի տնտեսական զարգացման ու տարանցիկ պետություն դառնալու հնարավորության հարցում:
Ստորագրված ամենակարեւոր փաստաթուղթը երկու երկրների միջեւ այցագրերի (վիզաների) վերացումն է, որն ուժի մեջ կմտնի հավանաբար 2011-ին: Իրանի արտգործնախարարը այցելել է նաեւ Բաթում, որտեղ մասնակցել է իր երկրի հյուպատոսարանի պաշտոնական վերաբացման արարողությանը: 1918-1921 թթ. նախքան Խորհրդային Միության կողմից խաղաղ գրավումը, ինչպես Հայաստանը, Վրաստանը եւս եղել է անկախ պետություն: Նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հետ հանդիպումից հետո կողմերը կարեւորել են վրաց-իրանական համագործակցությունը առաջին հերթին զբոսաշրջության ոլորտում: Մոթթաքին ասել է, որ Իրանի եւ Վրաստանի սերտ համագործակցությունը կարող է միմյանց կապել Սեւ ծովն ու Պարսից ծոցը:
Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ասել է, որ տնտեսական համագործակցության ոլորտում երկու երկրները մեծ թռիչք են կատարել: Տարեցտարի աճում է զբոսարջիկների թիվը, երկկողմ առեւտուրն աճել է ավելի քան 60 տոկոսով: «Սա դեռ սկիզբն է, անցագրային ազատ ռեժիմը ավելի կբարձրացնի այս ցուցանիշները», ասել է Վաշաձեն:
Ինչո՞ւ է Թեհրան-Թբիլիսի հարաբերությունների խորացումը կարեւոր Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի համար: Հայաստանը ցամաքային անմիջական սահմաններ ունի ե՛ւ Իրանի, ե՛ւ Վրաստանի հետ: Ավելին, անմիջական չորս հարեւաններից միայն Իրանն ու Վրաստանն են, որոնք, ի տարբերություն Թուրքիայի ու Ադրբեջանի, Հայաստանի հետ վարում են բարիդրացիական հարաբերություններ:
Խորհրդային Միության փլուզումից հետո Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Կասպյան ավազանի էներգակիրների համար գերտերությունների պայքար սկսվեց: Այդ պայքարը այսօր էլ ընթացքի մեջ է: Այն ընթանում է մի կողմից Միացյալ Նահանգների ու Եվրոպական միության, մյուս կողմիցՙ Ռուսաստանի միջեւ, ճիշտ էՙ օր օրի ավելի է զգացվում Չինաստանի շունչը: Անշուշտ, Միացյալ Նահանգների ու Եվրոպական Միության օրակարգերը տարբերվում են, բայց երբ խոսվում է Ռուսաստանի ազդեցությունը սահմանափակելու մասին, Վաշինգտոնն ու Բրյուսելը միավորվում են ընդդեմ Մոսկվայի:
Միացյալ Նահանգներն ու Եվրոպան շահագրգռված են էներգակիրների ու հաղորդակցությունների արեւմուտք-արեւելք առանցքի զարգացումով, այդ նպատակի համար նրանք ներդնում են լուրջ ֆինանսներ: Անցնող տարիներին կառուցվեցին միջազգային նշանակություն ունեցող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարն ու Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը: Առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում շահագործման կհանձնվի Կարս-Ախալքալաք երկաթգիծը, եւ միմյանց հետ երկաթուղագծովՙ Թբիլիսիի վրայով, իրար կկապվեն Բաքուն եւ Անկարան: Վերոնշյալ բոլոր նախագծերը շրջանցում են Հայաստանըՙ տնտեսապես ու քաղաքականապես ավելի մեկուսացնելով նրան, քանի որ խողովակաշարերն ու հաղորդակցություններըՙ Բաքվի ու Անկարայի պնդումով, շրջանցում են Հայաստանը:
Ռուսաստանը Արեւմուտքի ընդարձակման քաղաքականությանը փորձում էր հակադրել հյուսիս-հարավ միջանցքը, որը իրար էր միացնում Ռուսաստանը, Վրաստանը, Հայաստանը եւ Իրանը: Սակայն այս ծրագիրը չիրականացավ մի քանի, նաեւ հենց Ռուսաստանի պատճառով: Նախ, Մոսկվան Թբիլիսիի նկատմամբ (եւ հակառակը) վարում է ագրեսիվ, երբեմնՙ թշնամական քաղաքականություն: 2008 թ. օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները խզվեցին, եւ փաստորեն, ի հավելումն թուրք-հայկական ու հայ-ադրբեջանական փակ սահմաններիՙ բաժանարար գծերի, ավելացավ եւս մեկ փակ սահմանՙ ռուս-վրացականը: Հայաստանին համարելով իր ռազմավարական դաշնակիցը, Ռուսաստանը երբեք էլ չի կարեւորել ոչ Վրաստան-Հայաստան երկկողմ եւ ո՛չ էլ Վրաստան-Հայաստան-Իրան եռակողմ համագործակցության խորացումը: Ավելին, Իրանի հետ կապվելու համար Ռուսաստանը նախընտրում է օգտագործել Ադրբեջանի տարածքը, քան Հայաստանը: Եվ ամենակարեւորը, հենց Ռուսաստանն էր, որ խոչընդոտեց արդեն կառուցված Իրան-Հայաստան գազատարը մինչեւ Վրաստան հասցնելու ծրագրին, համարելով, որ դա կարող է վնասել իր գազային շահերին:
Վրաստան-Հայաստան երկկողմ եւ Վրաստան-Հայաստան-Իրան եռակողմ համագործակցությանը թշնամաբար են վերաբերվում Թուրքիան ու Ադրբեջանը, քանի որ այդ համագործակցությունից Հայաստանը կարողանում է մի քիչ ավելի ազատ շնչել, իսկ Անկարայի եւ Բաքվի նպատակը Հայաստանին ծնկի բերելն է:
Իրականում, Վրաստան-Հայաստան-Իրան համագործակցության խորացումը կարող է եթե ոչ հակակշռել, ապա զուգահեռաբար գոյություն ունենալ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան առանցքի կողքին: Լինելով երկու առանցքներում, Վրաստանը դրանից ոչ միայն չի տուժի, այլեւ նրա դերը ավելի կարժեւորվի: Իսկ որպեսզի Հայաստանը կարողանա ցամաքային կապող օղակ լինել Իրանի ու Վրաստանի միջեւ, նախ պետք է ապահովի տարանցման նվազագույն պայմանները: Այս իմաստով, Հայաստանի ու տարածաշրջանի համար չափազանց կարեւոր նշանակություն ունի հյուսիս-հարավ ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը, որը սկսվելու է մոտ առաջիկայում: Վրաց-հայկական սահմանից մինչեւ հայ-իրանական սահմանՙ ամբողջը Հայաստանի տարածքում, կառուցվելու է միջազգային չափանիշներին համապատասխանող ավտոմայրուղի:
Շատ է խոսվում Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման մասին: Մասնագետները պնդում են, որ այդ նախագծի կյանքի կոչվելու հավանականությունը խիստ կասկածելի է մի քանի պատճառներով: Նախՙ կառուցումն է շատ թանկՙ մինչեւ 4 միլիարդ դոլար, եւ պարզ չէ, թե կա՞ պետություն կամ միջազգային ֆինանսական կառույց, որ շահագրգռված է ներդրումներ կատարել: Երկրորդՙ երկաթգիծը անցնում է լեռնային բարդ պայմաններով, երրորդ, եթե անգամ կառուցվի, ապա այդ երկաթգծի շահագործումը տնտեսապես շահավետ չի լինի, քանի որ Հայաստանի ու Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունը մեծ չէ: Անգամ եթե Հայաստանն իր ամբողջ առեւտուրը կատարի Իրանի վրայով, միեւնույնն է, այդ երկաթգծի շահագործումը շահավետ չի լինի: Իրան-Հայաստան երկաթուղագիծը կարող է շահութաբեր լինել միայն այն դեպքում, եթե դառնա տարանցիկ դեպի Վրաստանՙ միմյանց կապելով Պարսից ծոցն ու Սեւ ծովը:
Վերջին տարիներին բազմապատիկ թվերով ավելացել է իրանցի զբոսաշրջիկների թիվը Հայաստանում եւ Վրաստանում: Եթե նախկին տարիներին իրանցիները Հայաստան եւ Վրաստան էին այցելում հիմնականում իրանական Նոր տարվաՙ Նոուռուզի օրերին, ապա այսօր ամեն օր իրանցի զբոսաշրջիկների կարելի է հանդիպել Երեւանի ու Թբիլիսիի փողոցներում: Ե՛վ Հայաստանի, ե՛ւ Վրաստանի համար ավելի քան 70 միլիոնանոց Իրանը շատ գրավիչ ու հարուստ գործընկեր է թվում:
Սակայն Հայաստանը չպետք է ձեռքերը ծալած նստի: Իրանցի զբոսաշրջիկները Հայաստան եւ Վրաստան են այցելում գերազանցապես ցամաքային ճանապարհովՙ հայ-իրանական սահմանի Կարճեւան (Արաքսի վրայի կամրջով) սահմանադռնով: Եթե զբոսաշրջության տեսանկյունից Հայաստանը չդառնա ավելի գրավիչ, ապա իրանցի տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ Վրաստան մեկնելու համար ոչ միայն կարող են նախընտրել Թուրքիայի (Արեւմտյան Հայաստան) կամ Ադրբեջանի տարածքը, այլեւ կարող են հանգստի համար նախընտրել Վրաստանը Հայաստանի փոխարեն: Այսօր Վրաստանը զբոսաշրջիկի համար գնային տեսակետից շատ ավելի մատչելի է, քան Հայաստանը:
Նույնը վերաբերում է նաեւ տարանցիկ առեւտրին: Վրաց-իրանական առեւտուրը չի իրականացվի Հայաստանի տարածքով, եթե հայկական կողմի առաջարկած սակագները ավելի ցածր չլինեն, քան նույն բեռնափոխադրումը Թուրքիայի եւ Ադրբեջանի տարածքի վրայով իրականացնելու դեպքում:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ

No comments: