Saturday, November 6, 2010

Գյումրիում սոցիալ-տնտեսական վիճակը ծայրահեղ ծանր է

7Or.am. 5-11-2010- Վերջին շրջանում Գյումրիում շատ խիստ սրվել է սոցիալ-տնտեսական իրավիճակը, և ձմռան գալուստն այն ավելի է խորացնում: Ամենուր կարելի է նկատել սոցիալական օրհասական վիճակի արտահայտությունները: Օրինակ նկատվում է, որ բնակելի շենքերում, որոնք գազապահովված են, մարդիկ հրաժարվում են բնական գազից՝ նախապատվությունը տալով փայտին, որը համեմատաբար էժան վառելանյութ է:
Պատահում են դեպքեր, երբ մարդիկ իրենց երեխաներին ընդունել են տալիս գիշերօթիկ դպրոցներ, որպեսզի երխայի մեկանգամվա սնվելու խնդիրը լուծվի: Իսկ բարեգործական ճաշարանները և սոցիալական խնամքի կենտրոնները գերծանրաբեռնված են:
Իրենց սոցիալական վիճակից դժգոհ գյումրեցիների թիվն օրեցօր աճում է, և նրանք իրավիճակից դուրս գալու միակ ելքը տեսնում են երկիրը լքելու մեջ:
Տնտեսագետ Թամարա Սիմոնյանի խոսքերով՝ ստեղծված իրավիճակի գլխավոր պատասխանատուն կառավարությունն է, որը պետք է փորձի արդյունավետ միջոցառումներով այն բարելավել։
-Աղքատացումը գնալով խորանում է։ Ինչքան էլ մենք չուզենանք փաստել, այսօր դա ակնհայտ է, և ոչ ոք ժխտել չի կարող: Ինձ թվում է, որ կառավարությունը պետք է փորձի իր միջոցառումներն ուղղել հասարակության մեջ առկա ծայրահեղ բևեռացումը վերացնելուն: Այսօր ես կարող եմ փաստել, որ այն, ինչ որ կառավարության կողմից արվում է, այնուամենայնիվ ադեկվատ չէ տեղի ունեցող սոցիալ-տնտեսական իրավիճակին: Կառավարության միջոցառումներից նշանակալի փոփոխություններ ակնկալել չենք կարող,-նշել է Թամարա Սիմոնյանը:
Տնտեսագետը երկրից հեռացող քաղաքացիների թվի աճը ևս պայմանավորում է կառավարության վարած քաղաքականությամբ.
-Կառավարությունն այնպես պետք է անի, որ մարդիկ ուզենան մնալ և աշխատել իրենց երկրում: Եթե չեն ցանկանում, ապա դա նշանակում է, որ կառավարությունը այնուամենայնիվ, իր մեծ ցանկության դեպքում անգամ, չի անում այնպես, ինչպես որ պետք է լինի:
Դերենիկ Մալխասյան
Գյումրի

No comments: