Saturday, November 6, 2010

Հալեպի նահանգապետը հնարավոր է այցելի Հայաստան

Panorama.am. 5-11-2010- Օրերս Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպել է Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և նրա գլխավորած պատվիրակության Սիրիա, մասնավորապես` Հալեպ կատարելիք այցի մանրամասները, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Կողմերը կարևորել են վերջին տարիներին հայ-սիրիական վերընթաց զարգացում ապրող համագործակցության հիմնական ուղղությունները և այդ գործում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների դերը:
Հայաստանի դեսպանն ու Հալեպի նահանգապետը քննարկել են ՀՀ ԱԺ նախագահի այցի շրջանակներում Հալեպում հայկական ապրանքների երկրորդ ցուցահանդեսի բացման հետ կապված հարցեր: Այդ կապակցությամբ նահանգապետը խոստացել է ցուցահանդեսի անցկացման և կազմակերպչական հարցերում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:

Զրույցի ընթացքում ակնարկվել է Հալեպի նահանգապետի այցը Հայաստան, ինչը գոհունակությամբ է ընդունվել Ալի Ահմադ Մանսուրայի կողմից` նշելով, որ համապատասխան հրավերի դեպքում կայցելի Երևան տեղում համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու համար:

Նույն օրը տեղի են ունեցել ՀՀ դեսպանի հանդիպումները Հալեպի կրոնական երեք համայնքապետերի` Բերիո Թեմի Առաջնորդ Շահան Սրբազան Սարգիսյանի, Բերիո Թեմի Կաթողիկե համայնքի համայնքապետ Արհիապատիվ Տ. Պետրոս Մրիաթյանի եւ Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ Հարություն Սելիմյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԺ նախագահի Հալեպ այցի, ինչպես նաեւ հայրենիք-սփյուռք կապերի զարգացման հետ առնչվող խնդիրներ:

No comments: