Saturday, November 27, 2010

ՊՆ-ն լռում է վիրավորված զինծառայողի մարմնից հայտնաբերված փամփուշտների մասին

News.am. 27-11-2010- Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է «Ժամանակ» օրաթերթում հրապարակված այն տեղեկությունը, ըստ որի՝ նոյեմբերի 19-ին ԼՂ ՊԲ-ում վիրավորված Մանվել Հազորյանի մարմնից հայտնաբերվել են ոչ միայն իր, այլ նաեւ ուրիշին պատկանող զենքի փամփուշտներ: «Մենք չենք մեկնաբանում այդ տեղեկությունը»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը: Ինչ վերաբերում է նախաքննության ընթացքին, ապա այդ մասին եւս Սարգսյանը տեղեկություն չտրամադրեց՝ միայն նշելով, որ նախաքննությունն ընթանում է:
Նշենք, որ «Ժամանակ» օրաթերթն իր այսօրվա՝ նոյեմբերի 27-ի համարում գրում է, որ ՊՆ ղեկավարությունն ամեն ինչ արել է, որպեսզի նոյեմբերի 19-ին ԼՂ դիրքերում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպի մեղքը բարդի վիրավոր զինծառայող Մանվել Հազրոյանի վրա. իբր վերջինս կրակել է իր ծառայակիցների վրա, ապա փորձել ինքնասպան լինել: Թերթի տեղեկություններով, սակայն, անցկացված կրկնակի փորձաքննության արդյունքում Հազրոյանի մարմնից հայտնաբերվել են ոչ միայն իր, այլ նաեւ ուրիշին պատկանող զենքի փամփուշտներ, ինչը նշանակում է, որ Հազրոյանին կրակել է ուրիշը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին ԼՂՀ Պաշտպանության բանակի հարավային զորամասերում տեղի ունեցած արյունալի միջադեպի համար, որի հետեւանքով չորս մարդ սպանվել էր, չորսը՝ վիրավորվել, մեղադրվում է նույն միջադեպի ժամանակ վիրավորված զինծառայող Մանվել Հազրոյանը: Նրան նոյեմբերի 23-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (երկու եւ ավելի անձանց սպանություն), 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` (երկու եւ ավելի մարդկանց սպանության փորձ), եւ 365 հոդվածի 1-ին մասով` (մարտական ծառայությունը կրելու կանոնները խախտելը): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ներկայումս վիրավորված Հազրոյանը գտնվում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում: Ըստ ՊՆ-ի՝ նա ընդունել է իրեն հասցեագրված մեղադրանքները: Նշենք, որ Մանվել Հազրոյանն ազգությամբ հայ է, «Եզդի» մականունով:

No comments: