Friday, November 26, 2010

Լիբանանահայերը հայոց եռագույնը մտցրել են Էրդողանի աչքը

Tert.am. 25-11-2010- Լիբանանում շարունակվել են հայերի կողմից Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցելության դեմ կազմակերպված բողոքի ակցիաները։
Թուրքական Hurriyet թերթը, վկայակոչելով Associated Press գործակալությունը, տեղեկացնում է, որ մի խումբ հայեր Բեյրութում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ պատռել են Թուրքիայի վարչապետի՝ քաղաքի տարբեր հատվածներում կախված նկարները։ Մի քանի հայ երիտասարդներ բարձրացել են Էրդողանի նկարով վահանակի ձողի վրա և հայոց եռագույնը մխրճել թուրք վարչապետի աչքը։
Պարբերականի տեղեկացմամբ՝ ցուցարարները նույնիսկ քարեր են նետել լիբանանցի իրավապահների ուղղությամբ, որոնք փորձել են խոչընդոտել ակցիայի մասնակիցներին։
Նշենք, որ լիբանանահայերը երեկվանից բողոքի ակցիաներ են կազմակերպում ընդդեմ Թուրքիայի վարչապետի լիբանանյան այցելության։ Երեկ մի խումբ հայեր Բեյրութի օդանավակայանում Թայիփ Էրդողանին դիմավորել էին «Այսօրվա Թուրքիան երեկվա Թուրքիան է», «Էրդողանը պետք է խոնարհվի մեր նահատակների առջև», «Լիբանանցիները չեն մոռացել Թուրքիայի արյունալի պատմությունը» գրությամբ ցուցապաստառներով։

No comments: