Wednesday, November 17, 2010

Սեյրան Օհանյան. Թե՜ ռազմական, թե՜ դիվանագիտական ոլորտում մեր դիրքերն ամրապնդված են

Ներկայումս Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքերը չեն թուլացել, հակառակը` թե՜ ռազմական, թե՜ դիվանագիտական ոլորտում մեր դիրքերն ամրապնդված են: Այսօր` նոյեմբերի 17-ին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համալսարանական զինակոչիկների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, այսօր Ադրբեջանի դիրքերը թուլանում են, որովհետեւ վերջինս չի կատարում միջազգային կառույցների առջեւ ստանձնած պարտավորությունները, իսկ ԼՂ հակամարտության շուրջ բանակցային գործընթացը խաղաղ ճանապարհով լուծելու փոխարեն Ադրբեջանը փորձում է խնդիրը տանել ռազմական ճանապարհով լուծման: Ս. Օհանյանը նկատել է, որ Ալիեւի ռազմատենչ հայտարարություններն ուղղված են առաջին հերթին ներքին լսարանին:
«Ադրբեջանի Զինված ուժերի նկատմամբ հավասարակշռությունը մենք պահպանում ենք ոչ թե քանակական տվյալների, այլ մեր ԶՈՒ-ի որակական չափանիշների բարձրացման հաշվին: Բարձրացնում ենք ԶՈՒ-ի պատրաստականությունը, անձնակազմի մարտական ոգին, դրանով իսկ նաեւ ամրապնդում մեր ԶՈՒ-ի մարտունակությունը եւ ՀՀ-ի պաշտպանունակությունը»,- նշել է նախարարն ու հավելել, որ Ադրբեջանի քանակական առավելությունը սպառազինության ոլորտում չեզոքացնելու համար հայկական կողմը գիտի բոլոր մեթոդները: «Դա չի նշանակում, որ սպառազինության մրցավազքից զերծ մնալով` մենք սպառազինության նոր, արդիական տեսակներ ձեռք չենք բերում: Հայաստանի ղեկավարությունը` Գերագույն գլխավոր հրամանատար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այսօր այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ է տանում, որոնք ընթացքի մեջ են»,- ընդգծել է Ս. Օհանյանը:

No comments: