Saturday, November 6, 2010

ՈՉՆՉԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ

«Լրագիր» 6-11-2010- Հայաստանը միայն Երևանը չէ: Հիշում եմ մի խելացի դիլիջանցի երիտասարդի, որ ատելությամբ էր խոսում Երևանի մասին. ըստ նրա, մայրաքաղաքը վամպիրի նման ծծում է փոքր քաղաքների կենսական ուժը` երիտասարդությունը: Հիշում եմ նաև, թե ինչ ոգևորություն առաջացրեց գյումրեցի արվեստագետների մոտ “ներքին արտաշխարհ” բնորոշումը: Դա նրանց համար իրենց ինքնուրյունության մանիֆեստի նման մի բան էր: Մեկ այլ լոռեցի քաղաքական գործիչից լսել եմ կեսկատակ հայտարարություն, որ եթե մարզերի նկատմամբ առկա քաղաքականությունը շարունակվի, ապա իրենք կգնան ինքնորոշման:
Այս բոլոր դժգոհությունները օբյեկտիվ հիմքեր ունեն: Եթե 10 տարի առաջ մարզերի և մայրաքաղաքի տնտեսական հնարավորությունների տարբերությունները 20-ից 50 տոկոս էր կազմում, ապա այժմ դա չափվում է անգամներով:
Հայաստանը որպես տարածություն անհետանում է, և սա գլոբալացման ընթացքների արդյունք է: Գլոբալացման բնական դաշնակից են ազգայնականները, որոնք ավելի կարևորում են առասպելական հայրենիքը` Երկիր Նաիրին, քան իրական տարածքների ճակատագիրը: Ազգայնականին ավելի հետաքրքրում է Տիգրան Մեծի քարտեզը, քան իրական Հայաստանը: Հայաստանի տարածքները պահպանում է ոչ միայն սահմանային գյուղը, այլ նաև գավառեցի կարտոֆիլագործը կամ ապարանցի հացագործը: Նրանք ստեղծում են մի բան, որ շատ կարևոր է, որ մեր երկիրը բնակեցված է: Բայց գուցե մեզ պետք է միայն Երևա՞նը և “ծովից ծով Հայաստանի” ֆանտազիանե՞րը:

“Նժդեհաբանական” և այլ ազգայնական գաղափարախոսությունները երկրորդ վարկածի մասին են վկայում: Դա են վկայում նաև վերջին տարվա ընթացքում գյուղատնտեսության մեջ փլուզման ընթացքները:

Հայաստանում վրացական կարալյոկը կամ մանդարինը ամենաէժան մրգերն են, իսկ հայկական բանջարեղենի և մրգերի գներն աճել են 50 տոկոսից մի քանի անգամ: Հայկական ԶԼՄ-ները գլուխ են ջարդում պանրի գների աճի առեղծվածի պատճառով: Օրինակները կարելի է բազմապատկել: Նշանակում է այս ամենի հետևում որոշակի քաղաքականություն է կանգնած: Քաղաքականություն, որը համապատասխանում է առկա օլիգարխիական խավի շահերին և կարող է բերել “Հայաստանի”` որպես տարածության, անհետացմանը:

Եթե կարևոր է միայն Երևանը, իսկ տարածությունը` ոչ, ապա դա համապատասխանում է առևտրական քաղաք գաղափարին, ինչպես օրինակ Վենետիկն էր կամ Ճենովան: Զուրկ ընդարձակ տարածքներից, նրանք ստիպված էին ապավինել իրենց ֆակտորիաների ցանցին: Ֆակտորիան նույնիսկ գաղութ չէ, տարածական չափում չէ, այլ ռազմականացված հենակետ, որտեղ գործարքներ են կնքվում: Այդպես է գործում ժամանակակից մաֆիան, որը ևս չի ընդունում տարածության սկզբունքը:

Այսօր հայկական մաֆիան համարվում է ամենահզորը աշխարհում: Հայկական մաֆիան միայն բժշկությունը չէ, կամ հեռախոսային հաղորդակցությունը, այլ նաև` զենքի վաճառքը և “արյունոտ” ալմաստների “լվացումը”, նարկոտիկները և այլն: Հոլիվուդը և ֆրանսիական կինարտադրությունը սկսել են ավելի մեծ ուշադրություն բևեռել հայկական մաֆիային, փորձելով հասկանալ նրա ներքին տրամաբանությունը: Էլիտաները ազգայնականացվում են, տնտեսությունը` մաֆիականացվում, իսկ երկիրն` ապատարածքայնացվում: Այստեղ առաջնայինը դառնում է գյուղատնտեսության նկատմամբ վերաբերմունքը, որպես տարածքային Հայաստանի գաղափարի մարմնացում:

Հարց է ծագում. Ինչո՞ւ են մեկ երրորդով կրճատվել կարտոֆիլի ցանքատարածությունները, և էլի նմանատիպ տասնյակ հարցադրումներ: Կարծում եմ, գաղտնիքը կառավարության ուլտրալիբելարիստական քաղաքականության մեջ է: 7-8 տարի առաջ սկսվեց գյուղատնտեսության “ֆինանսականացումը”, բանկերը սկսեցին կարևոր դեր խաղալ գյուղատնտեսության մեջ: Բանկերը կոմերցիոն սկզբունքների վրա սկսեցին վարկեր տալ գյուղացիական տնտեսություններին, ընդ որում բավական բարձր տոկոսներով: Չեմ զարմանա, եթե պարզվի, որ դրանք աշխարհում ամենաբարձրը լինեն. մեր կառավարության խելքը իրենը չէ Գինեսի ռեկորդների համար: Համաշխարհային ճգնաժամից հետո գյուղացիներից շատերը հայտնվեցին իրենց հողը կամ տունը կորցնելու վտանգի առաջ և միակ ելք մնում էր արտագաղթը` վերցված վարկերը փակելու համար: Այս պարզ սցենարը նույնիսկ կիսագրագետ ֆինանսիստը կարող էր կանկատեսել, էլ չեմ ասում Տ. Սարգսյանի և մյուսների մասին: Ինչո՞ւ նրանք լուրջ քայլեր չձեռնարկեցին դրությունը շտկելու համար: Փորձենք պատասխանել այդ հարցին:

Հայաստանյան գյուղատնտեսությունն ունի մի կարևոր առանձնահատկություն` պրոլետարացումը, ինչը չի նկատվում հարևան Վրաստանում և Ադրբեջանում: Հավանաբար այսօր արդեն 100-200 հազար բատրակ կա: Պրոլետարացմանը զուգահեռ գյուղատնտեսությունում աճում է պլանտացիոն տնտեսությունների քանակը, որոնք օլիգարխների համար դիտվում են շահավետ ներդրման օբյեկտներ: Բայց պլանտացիոն տնտեսությունը չի կարող շահութաբեր լինել, եթե պրոլետարականացում չկա, այն կարիք ունի վարձու աշխատողների նկատելի բանակի առկայության: Կարծում եմ, որ գյուղատնտեսության կապիտալացումը ևս նպաստելու է գյուղատնտեսական արտադրանքի գների աճին:

Ի՞նչ հետևանք կունենա գյուղի պրոլետարականացումը Հայաստանում:

Հայաստանի տնտեսական կառուցվածքը նման է աֆրիկյան շատ պետությունների տնտեսությանը` լեռնաարդյունաբերություն, շինարարություն, առևտուր և գյուղատնտեսություն: Եթե վերցնենք Ռոդեզիա-Զիմբաբվեն և ՀԱՀ, ապա տեսնում ենք, որ կապիտալիզմի զարգացումը 60-70-ականներին հանգեցրեց այդ երկրներում բռնապետության աճին: Այսինքն, գյուղի պրոլետարացումն ավելի շատ խնդիրներ էր առաջացնում կապիտալիստական կուտակման համար, քան երբ այն պարզապես կիսապրոլետարականացված է: Վերջին դեպքում աֆրիկյան գյուղացիությունը բավարարում էր մի կողմից իր կենսական պահանջները, մյուս կողմից սուբսիդավորում էր կապիտալի կուտակումը:

Որպես օրինակ կարելի է բերել խաղողագործական տնտեսությունը Հայաստանում: Գյուղացին աճեցնում է ցորեն, կարտոֆիլ, մրգեր, պահում է մի քանի անասուն, բավարարելով իր կենսական պահանջները, իսկ դրամական եկամուտի համար հանձնում է խաղող: Նա կարող է նաև իր խաղողը փոխանակել կարտոֆիլի հետ, իսկ կարտոֆիլագործը` ցորենի հետ: Պրոլետարականացումը կրճատում է բնատնտեսական սեկտորը, գյուղացիներին պետք է ավելի ու ավելի շատ դրամ, և որպես հետևանք նրանք դադարում են սուբսիդավորել կապիտալի կուտակումը:

Զուգահեռ նրանց կենսապահովությունը վատթարանում է, քանզի դրամական եկամուտներն աճում են ավելի դանդաղ, քան պահանջվում է: Նրանց կյանքի պայմանների վատթարացման հետևանքով աճում է դժգոհությունը, ինչը անխուսափելիորեն ստեղծում է խնդիրներ իշխանությունների համար, որոնք անխուսափելիորեն պետք է դիմեն ռեպրեսիվ միջոցների: Իհարկե, դրամական եկամտի պակասը նրանք առայժմ կարող են լրացնել արտագնա աշխատանքով, ինչը նվազեցնում է գյուղատնտեսական արտադրանքի ծավալը, բայց դրա հետևանքով գներն աճում են, դրամի պահանջարկը էլ ավելի է մեծանում, և այլն: Մի պահ կարող է ձգված լարը կտրվել և սկսվում է սոցիալական բունտը:

Արևմտյան Աֆրիկան` ՀԱՀ-ից մինչև Քենիա, 60-70-ականներին բնորոշվում էր ընդերքի հարստությամբ, սետլերային գյուղատնտեսությամբ և գյուղացիների հողազրկությամբ: Սետլերը եվրոպական ներգաղթածների հմնած պլանտացիոն տնտեսությունն է, ինչը համեմատելի է օլիգարխների հիմնած պլանտացիաների հետ: Հայտնի սոցիոլոգ Ջ. Առիգին վերլուծել է Ռոդեզիայի տնտեսության պրոբլեմները 60-ականներին: Ըստ նրա, “…պրոլետարացումը ինքնին և որպես այդպիսին չի նպաստում կապիտալիզմի զարգացմանը, որի համար պահանջվում են նաև մյուս այլ պայմանները: Ռոդեզիայի դեպքում ես բացահայտեցի պրոլետարացման երեք փուլեր, և միայն մեկն էր նպաստավոր կապիտալիստական կուտակման համար:

Առաջին փուլի ժամանակ գյուղացիությունը գյուղական կապիտալիզմի զարգացմանը մասնակցում էր գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումով, բայց չէր վաճառում իր աշխատուժը, եթե, իհարկե, բարձր գին չէին առաջարկում: Այսպիսով, տարածաշրջանի համար բնութագրական դարձավ բանվորական ուժի պակասը, քանզի ամեն անգամ, երբ գյուղատնտեսական կամ հանքարդյունաբերական ձեռնարկությունները սկսում էին զարգանալ, նրանք պահանջարկ էին ստեղծում տեղական գյուղատնտեսական արտադրանքի նկատմամբ, որը աֆրիկյան գյուղացիները պատրաստ էին արագ բավարարել: Նրանք կարող էին մասնակցել դրամական տնտեսության մեջ արտադրանքի վաճառքով, քան` աշխատուժի:

Կառավարության նպատակներից մեկն էլ սետլերային տնտեսությանն աջակցելն էր, ստեղծելու համար մրցակցություն աֆրիկյան գյուղացիների հետ, որպեսզի նրանք վաճառեն իրենց աշխատուժը, քան իրենց արտադրանքը: Դրանով է պայմանավորված հողազրկման երկարատև ընթացքը, որը բերեց մասնակի պրոլետարականացումից լիակատար պրոլետարականացում, բայց, ինչպես նշեցի, գործընթացքը հակասական էր” / Беседа Джованни Арриги и Дэвида Харви.
Извилистые пути капитала/ http://www.prognosis.ru/:

Դժվար է ասել, թե ի՞նչն է միավորում, օրինակ, Տիգրան Սարգսյանին Սեսիլ Ռոդզի հետ, բայց երկու դեպքում էլ քաղաքականությունը համարյա նույնն է: Մի դեպքում աֆրիկյան գյուղացիության պրոլետարականացումը ի շահ սետլերային տնտեսությունների զարգացման, մյուս դեպքում` ի շահ օլիգարխական գյուղատնտեսական ձեռնարկությունների: Գուցե ընդհանրությունն այն է, որ Ռոդզը ռասիստ էր, իսկ Տ. Սարգսյանը` “ցեղակրոն”: Բացառված չէ, քանզի ռասիզմը կապիտալիզմի հիվանդագին դրսևորումներն արդարացնող գաղափարախոսություն է: Բայց դա չէ կարևորը: Ավելի կարևոր է այն, թե Տ. Սարգսյանը գիտե՞ արդյոք, թե ինչ խնդիրներ և կոնֆլիկտներ ստեղծեց նշված քաղաքականությունը Ռոդեզիայում:

ՎԱՐԴԱՆ ՋԱԼՈՅԱՆ

No comments: