Saturday, November 6, 2010

Ա. Քերիմլի. Ադրբեջանում միակուսակցական քաղաքական համակարգ է կառուցվում

Panorama.am. 6-11-2010- Ադրբեջանի քաղաքական իշխանությունն աստիճանաբար երկրում միակուսակցական համակարգ է արմատավորում: Այս մասին «Объектив ТВ» ինտերնետ-հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին:
Ադրբեջանցի ընդդիմադիր գործիչն անթույլատրելի է համարում իշխանությունների կողմից ընդդիմության, մասնավորապես, հոկտեմբերի 10 և 17-ին նախատեսված հավաքների արգելումը: Նա համոզմունք է հայտնել, որ իշխանությունների կողմից ընտրությունների կեղծումն ընտրողների հակազդեցությունն է առաջացնելու և խորհուրդ է տվել զերծ մնալ ապօրինություններից:
Հիշեցնենք, որ 2005 թվականին բրիտանական BBC հեռուստաալիքը փաստագրական ֆիլմ էր նկարահանել, որտեղ մանրամասն ցուցադրվում էր Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրականացվող կեղծիքներն ու ներկայիս քաղաքական համակարգի արատավոր բարքերը:
Դեռևս այդ ժամանակ ընտրական պայքարում հաղթանակ տարավ Ալի Քերիմլին և այդ մասին նույնիսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էր խոստովանել: Սակայն Ադրբեջանի Սահմանադրական դատարանը հակառակ որոշում էր ընդունել՝ ոտնահարելով հազարավոր մարդկանց ընտրական իրավունքը:
Ցավոք սրտի իշխանությունները ընդդիմության հետ պայքարում օգտագործում են ոչ միայն ֆինանսական, այլ նաև մարդկային ռեսուրսը: Այդ պայքարին իշխանությունները ներգրավում են ոչ միայն ոստիկանությանը, այլ նաև ուսուցիչներին, բժիշկներին, բյուջետային աշխատողներին, որոնք պարտավորվում են ոչ միայն քվեարկել իշխանության գործչի օգտին, այլ նաև զբաղվել վերջինիս քարոզչությամբ:

No comments: