Saturday, November 27, 2010

Արտակ Զաքարյան.«Սխալ է, թե Հայաստանն ամբողջությամբ նվիրված է եվրաինտեգրմանը»

Panorama.am. 27-11-2010- Այսօր Երևանում շարունակվող Եվրոպական հեռանկարները «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում և Հայաստան-ԵՄ ասոցացման շուրջ բանակցությունների գործընթացում» համաժողովի ժամանակ ելույթ ունենալով` ԱԺ պատգամավոր Արտակ Զաքարյանը նշեց, որ սխալ է այն տեսակետը, թե Հայաստանը շատ խիստ տեսական պատկերացումներ ունի եվրաինտեգրման մասին:
Պատգամավորի խոսքով ` ասել, որ մենք ամբողջությամբ նվիրված ենք եվրաինտեգրմանը, դա ևս սխալ է, որովհետև փոքր պետություններն, ինչպիսին, օրինակ, Հայաստանն է, առաջին հերթին անվտանգության համակարգի խնդիրներ պետք է լուծեն, տնտեսական հարաբերությունների կարգավորման խնդիրներ:
«Նաև ունենք շատ կարևոր առաջնահերթություն մեր արտաքին քաղաքականության օրակարգում և դա Լեռնային Ղարաբղի` դեռևս վերջնականորեն չկարգավորված հիմնախնդիրն է, որը մենք, որպես կենսական շահ, նաև պետք է հետամուտ լինենք և պաշտպանենք, այդ թվում նաև Եվրանեստում»,-հավելեց պատգամավորը, միաժամանակ նկատելով, որ այս գործընկերության շրջանակներում Եվրանեստը Եվրոպայում սեփական խնդիրները ներկայացնելու ևս մեկ ամբիոն է:
Միևնույն ժամանակ Զաքարյանը նաև կարծիք հայտնեց. «Ես, օրինակ, վստահ չեմ, որ եվրոպական մեր գործընկերների կողմից 100%-անոց վստահություն կա, որ «Արևելյան գործընկերության» անդամ այս 6 երկրներն էլ ամբողջությամբ տարված են եվրաինտեգրման ճանապարհով, դրա համար փոխհամաձայնության և փոխվստահության ճանապարհով պետք է աշխատել»:
Զաքարյանի խոսքով, բոլոր խնդիրները, միևնույնն է, ժամանակի ընթացքում կլուծվեն:

No comments: