Sunday, November 7, 2010

Փորձագետ. Հայկական եւ ադրբեջանական կողմերը ղարաբաղյան կարգավորման մեջ ընդհանուր շահեր ունեն

News.am. 6-11-2010- Ներկայումս Ադրբեջանն անում է ամեն ինչ, որպեսզի ղարաբաղյան հակամարտության գոտում պահպանի ստատուս-քվոն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք արտահայտեց հակամարտությունների գծով փորձագետ Գեւորդ Աղբալյանը` միաժամանակ ընգծելով, որ ստատուս-քվոյի պահպանմանը ձգտում է նաեւ Լեռնային Ղարաբաղը, հետեւաբար նաեւ Երեւանը, քանի որ ԼՂՀ շահերը Հայաստանի համար առաջնային են: «Հայկական կողմի համար ստատուս-քվոյի պահպանումը նշանակում է նահանջի ոչ մի քայլ չի արվելու, հենց այդ պատճառով էլ Երեւանը մեծ ջանքեր է ուղղում այդ ուղղությամբ»,- նկատեց Աղբալյանը:
Փորձագետի կարծիքով, ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, կարելի է եզրակացնել, որ ԼՂ հարցի կարգավորման շուրջ բանակցությունները կարող են հավերժ շարունակվել: Ադրբեջանը, սակայն, դրան զուգընթաց, անընդհատ խափանում է բանակցությունների գործընթացը` չընդունելով որեւէ առաջարկ: «Հենց այս է պատճառը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ, կամ երկկողմ հանդիպումների նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների լավատեսական հայտարարությունները չեն արդարացվում: Ադրբեջանը ցանկացած պատրվակով հրաժարվում է ներկայացված առաջարկներից հանդիպումների նախօրեին, կամ դրանցից հետո` սադրանքներ իրականացնելով, կամ կոշտ հայտարարություններ կատարելով»,- նշեց Աղբալյանը` ավելացնելով, որ հենց այս պատճառով պետք չէ Աստանայում կայանալիք հանդիպումից մեծ ակնկալիքներ ունենալ:
Լեռնային Ղարաբաղում հանրաքվե ենթադրող Մադրիդյան սկզբունքների մասին խոսելիս` նա նշեց, որ միջազգային բոլոր իրավունքները հաշվի առնելով, այն պետք է անցկացվի Լեռնային Ղարաբաղի 1989 թվականի դեմոգրաֆիկ պատկերի համաձայն, իսկ այդ ժամանակ ԼՂ բնակչության 75 տոկոսը հայեր էին, իսկ 25` ադրբեջանցիներ: «Ընդ որում, ես կարծում եմ, որ հանրաքվեին ադրբեջանցիները պետք է մասնակցեն իրենց փաստացի բնակության վայրերից` միջազգային դիտորդների ներկայությամբ»,- ասաց Աղբալյանը:
Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման մասին հարցին անդրադառնալով` փորձագետը նշեց, որ, եթե Հայաստանը 1990-ականների ճանաչեր ԼՂ անկախությունը, ապա մի շարք երկրներ կհետեւեին Հայաստանի օրինակին: «Հնարավոր է, որ այսօր էլ կան երկրներ, որոնք պատրաստ են ճանաչելու ԼՂ անկախությունը, սակայն այժմ, երբ երեք գերտերության մասնակցությամբ ընթանում է բանակցային գործընթացը, նրանք էլ իրենց այս խնդրի լուծման հետ կապված են համարում»,- նկատեց փորձագետը:
Աղբալյանը նշեց նաեւ, որ Ադրբեջանի բանակցային գործընթացի տապալմանն ուղղված ջանքերը հնարավոր է Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման ռեակցիա առաջացնի մի շարք պետություններում, որպես պատասխան Ադրբեջանի ապակառուցողականության:

No comments: