Thursday, November 4, 2010

Իրաքը մտադիր է Հայաստանում դեսպանություն բացել

Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Մուրադ Մուրադյանը նախօրեին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Իրաքի արտաքին գործերի նախարար Հոշիար Զեբարիին:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց:
Նախարար Զեբարին, շնորհավորելով դեսպանին, ողջունել է Իրաքում դեսպանություն բացելու մասին Հայաստանի որոշումը: Նա ասել է, որ Իրաքն իր կողմից քայլեր կձեռնարկի Հայաստանում մոտ ապագայում դեսպանություն բացելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրներ: Երկուստեք կարևորվել է իրավապայմանագրային դաշտի ստեղծման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություններ կստեղծի ավելի արդյունավետ համագործակցել և ընդլայնել հարաբերությունները առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտներում:
Զրույցի ավարտին նախարար Զեբարին հույս է հայտնել, որ Հայաստանի դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա հայ-իրաքյան բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում և արտգործնախարարության աջակցություն է հայտնել դեսպանին առաքելության իրականացման ընթացքում:

No comments: