Thursday, November 25, 2010

Մոտենում է իշխանություններին ցտեսություն ասելու ժամանակը. Մյասնիկ Մալխասյան

Tert.am. 25-11-2010- Վերջին շրջանում մի քանի քաղբանտարկյալների ազատ արձակումը նշանակում է, որ իշխանությունները «խելքի են գալիս»։ Այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց նախկին քաղբանտարկյալ, ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը։
«Դա նշանակում է, որ իշխանությունները խելքի են գալիս եվրոպացիների ճնշման տակ և բոլորին էլ պիտի ազատ արձակեն»,– ասաց Մալխասյանը՝ նկատելով, որ քաղբանտարկյալներին բավականին երկար պահեցին, քանի որ արդեն մոտենում է մարտմեկյան դեպքերի 3–րդ տարին։
Ըստ Մալխասյանի, դա նշանակում է, որ «իշխանությունները շատ ուշ են խելքի գալիս և ինձ թվում է՝ մոտենում է նաև իրենց ցտեսություն ասելու ժամանակը»։
Քաղբանտարկյալների ազատ արձակումը կինոռեժիսոր, «Սարդարապատ» նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը պայմանավորում է արտաքին ուժերի ճնշմամբ։
«Տիզբոնը, այսինքն Լիսաբոնը կարել է անվանել Տիզբոն, հերթական դաս էր, և կարծում եմ, որ սա մեծ խաղի մաս է։ Ափսոս որ մենք, մեր տղաները այդ խաղի մաս են դառնում, ափսոս, որ դա արվում է դրսի ճնշման տակ։ Կառավարությունը երկրում պետք է միայն մի ճնշման ենթարկվի՝ սեփական ժողովրդի ճնշմանը։ Մեր կառավարությունը մեր ճնշմանը չի ենթարկվում դեռևս և ենթարկվում է դրսի ճնշմանը։ Տվյալ պահին ինչ–որ բաներ համընկան»,– ասաց Խզմալյանը։
Դերասան Աշոտ Ադամյանի կարծիքով, քաղբանտարկյալների ազատ արձակումը պայմանավորված է իշխանությունների վախով։ «Վախով է պայմանավորված, որովհետև չանվանել նրանց քաղբանտարկյալ, չի նշանակում, որ նրանք նստած են հանցագործության համար»,– նշեց նա։
Անմեղ մարդկանց նստեցնելն ու հետո ազատ արձակելը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն արժանապատվությունը ստորացնող քայլ է համարում։ «Սա ի՞նչ է, առևտո՞ւր է, ի՞նչ է։ Կներեք, ձեռառնոցի կա, սրա մեջ վտանգավոր բան կա։ Ի՞նչ ասել է՝ ազատեցին, քանի՞ տարի է նստել Մուշեղը, ի՞նչ ասել է ազատեցին»,– ասաց Բլեյանը։

No comments: