Saturday, November 27, 2010

Hurriyet Daily News. Առնվազն մինչեւ փետրվար Թուրքիան կմնա առանց ԱՄՆ դեսպանի

News.am. 27-11-2010- WikiLeaks-ի սպասվող հրապարակումները ԱՄՆ-ի եւ Թուրքիայի մասին, ինչպես նաեւ այդ երկրների միջեւ աճող ռազմավարական հակասությունները բարդանում են նաեւ նրանով, որ մինչ օրս Թուրքիայում ԱՄՆ դեսպան չի նշանակվել:
Նախորդ դեսպան Ջեյմս Ջեֆրին նշանակվել է դեսպան Իրաքում եւ լքել Անկարան հուլիս ամսին: Նրա փոխարեն պետք է նշանակվեր Ֆրենկ Ռիկարդոնեն, սակայն նրա նշանակումը դեռ չի հաստատվել Սենատի կողմից, գրում է Hurriyet Daily News-ը:
Թուրքիայի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները հակասության մեջ մտան, երբ սկսեցին բարելավվել Թուրքիայի եւ Իրանի հարաբերությունները` թուրք-իսրայելական հարաբերությունների վատացման ֆոնին: Որոշ փորձագետներ կարծում են, որ Թուրքիայում դեսպանի ներկայությունը կարող էր լուծել առկա խնդիրները:
Նախկինում դեսպաններ Մորթոն Աբրամովիչը, Մարկ Գրոսմանը, Մարկ Փերիսը եւ Էրիկ Էդելմանը մեծ քաղաքական կշիռ են ունեցել շնորհիվ ԱՄՆ վարչակազմի բարձր էշելոնի հետ ունեցած սերտ կապերի: Ռիկարդոնեն նույնպես կարող էր այդպիսի ֆիգուր դառնալ:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Եգիպտոսում եւ Ֆիլիպիններում դեսպան աշխատած Ռիկարդոնեի թեկնածությունը ներկայացրել է դեռեւս հոլիսի 1-ին, սակայն սենատոր Բրաունբեկը վետո է դրել այդ թեկնածության վրա:
ԱՄՆ նախագահն իրավունք ունի շրջանցելՍենատի վետոն եւ դեսպան նշանակել Սենատի «ընդմիջման» ժամանակ: Նման հնարավորություն ստեղծվեց Սենատի միջանկյալ ընտրությունների ժամանակ նոյեմբերի սկզբին, սակայն այս տարի Սենատի պատմության մեջ առաջին անգամ Սենատն ընդմիջման չգնաց:
Նման պայմաններում Ռիկարդոնեի թեկնածությունը կարող է հաստատվել ընտրություններից հետո Կոնգրեսի նստաշրջանի ժամանակ, բայց նորընտիր Կոնգրեսի առաջին նիստից առաջ:
Այդ ժամանակահատվածը կտեւի մինչեւ հունվարի 3-ը: Այդ նստաշրջանին մասնակցում են միայն այն սենատորները, որոնք չեն կարողացել վերընտրվել:
Եթե Բրաունբեկը հանի իր վետոն, թեեւ նման նշաններ չկան, եւ Սենատն իր նստաշրջանում հաստատի Ռիկարդոնեի թեկնածությունը, նա կնշանակվի Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
Բրաունբեկը միջանկյալ ընտրություններում ընտրվել է Կանզասի նահանգապետ նոյեմբերի սկզբին եւ տարվա վերջին կթողնի իր պաշտոնը Սենատում:
Նորընտիր Սենատը իր աշխատանքները կսկսի հունվարի 3-ին եւ եթե որեւէ մեկը նոր վետո չդնի Ռիկարդոնեի թեկնածության վրա, ապա այն կհաստատվի: Հակառակ դեպքում, նախագահ Օբաման ստիպված կլինի առաջարկել նոր թեկնածություն եւ ողջ գործընթացը նորից կսկսվի: Այդ դեպքում, առնվազն մինչեւ փետրվար Թուրքիան կմնա առանց ԱՄՆ դեսպանի:

No comments: