Monday, January 31, 2011

Հայ հասարակությունը ծերանում է. 2009–ի համեմատ 2010-ին ծնելիության աճը կազմել է 1 տոկոս

Tert.am. 31-1-2011- 2010թ–ին Հայաստանում գրանցվել է 44 810 կենդանի ծնունդ. 2009 թ.–ի համեմատ աճը կազմել է շուրջ 1 տոկոս։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը՝ հավելելով, որ նախորդ տարի ծնունդների աճը դանդաղել է. 2009 թ.–ին Հայաստանում գրանցված ծնունդները 2008–ի համեմատ ավելացել էին 7.8 տոկոսով։
Հայաստանում 1000 բնակչի հաշվով շուրջ 14 երեխա է ծնվում։ Միջին հանրապետական ցուցանիշից շատ ծնունդներ են գրանցվել Երևանում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում, Գեղարքունիքում, Կոտայքում։ Ծնելիության ցուցանիշը ցածր է եղել Սյունիքում և Լոռիում։
Նախորդ տարի ծնված երեխաներից 20 904–ը եղել են աղջիկներ։ Ծնողներն իրենց նորածին աղջիկ երեխաներին ավելի շատ անվանել են Մանե, այնուհետև Միլենա, Անի, Անահիտ, Էլեն, Նարե։ Տղա երեխաներին տրված անունների թվում առաջատար է եղել Նարեկ անունը, այնուհետև հաջորդել են Դավիթ, Գոռ, Էրիկ, Արման անունները։
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ահազանեց, որ Հայաստանում ծնելիության ցուցանիշը ցածր է, հայ հասարակությունը ծերանում է։ «Աշխարհում ծնունդների միջին ցուցանիշը 1000 բնակչի հաշվով 20 ծնունդն է։ 3-4 կինը միասին պետք է հինգ երեխա ծնեն, որ նորմալ լինի, իսկ Հայաստանում 3 կինը 2 երեխա են ծնում։ Քանի որ մեր հարսնացուները 3 տարով են պառավել, իսկ փեսացուները՝ 7, շատ դժվար է պառաված զույգերից երեխա սպասել»,– ընդգծեց Ադիբեկյանը։
Նա երիտասարդ տարիքի կանանց հիշեցրեց՝ կինը, ով երեխա չի ունենում, որքան էլ կրթված լինի, չի զարգանում, մնում է դեռահասության տարիքում։

No comments: