Monday, January 31, 2011

ԱՄՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

«Լրագիր» 31-1-2011-Ադրբեջանական ԶԼՄ-երը անտեսեցին Ադրբեջանում ահաբեկչության սպառնալիքի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի տեղեկատվությունը: Ամերիկյան առաջատար ԶԼՄ-երում ուրբաթ օրը տպագրված նախազգուշացումը չի հրապարակել ոչ մի ադրբեջանական լրատվամիջոց: Կապված հանգստյան օրերի հետ, այն նաև չի լուսաբանվել հայկական մեդիայի կողմից:
Թե ինչից է կոնկրետ զգուշանում ԱՄՆ, դեռևս մեկնաբանություններ չկան: Նյութում, որտեղ տպագրված է տեղեկությունը, հղում կա Դոմոդեդովոյի ահաբեկչությանը, որը, ինչպես նշված է, ուղղված էր արտասահմանյան քաղաքացիների դեմ: Հնարավոր է նմանատիպ ահաբեկչություն է սպասվում նաև Ադրբեջանում:
Փորձագետներն ամենայն հավանականությամբ նախազգուշացումը կապում են արաբական աշխարհում` Թունիսում, Եգիպտոսում տեղի ունեցող դեպքերի հետ: Հնարավոր է` Բաքվում դա ընկալվել է որպես “ով է հաջորդը” հարցի պատասխան: Այն, որ սոցիալ-տնտեսական և ժողովրդավարական իրավունքները Ադրբեջանում ամենացածր մակարդակի վրա են, վերջին ամիսներին սկսել են ավելի հաճախ խոսել:

Պակաս հետաքրքրական չէ այն, որ նախազգուշացումն ի հայտ է եկել այն բանից հետո, երբ Բաքու է ժամանել ԵՄ էմիսար Պիտեր Սեմնեբին, ով Եվրոպա վերադառնալով հայտարարել է, որ ԵՄ-ն մտադիր չէ պաշտպանել միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության համալիր կարգավորման օգտին: Չի բացառվում, որ Ադրբեջանը, ստորագրելով Նաբուկոյին գազ մատակարարելու հռչակագիրը, աջակցություն չստանալով Արևմուտքից, հետ է կանգնել նախկին պայմանավորվածություններից, և ԱՄՆ-ն որոշել է, որ այլևս սպասելիք չունի Ալիևի ռեժիմից:

Այս տարամաբանությանը հետևելով, պետք է սպասել այնպիսի տեղեկատվության ի հայտ գալը, որ իշխանության փոխանցումը հորից որդուն չի ողջունվում, որ Ադրբեջանում ծաղկում է իսլամական ծայրահեղականությունը և այլն:

Հակառակ պարագայում ԱՄՆ-ն առանց պատճառի չէր անհանգստացնի Ադրբեջանում գտնվող սեփական քաղաքացիներին և խորհուրդ չէր տա օգտվել տրանսպորտային տարբեր միջոցներից և երթևեկել տարբեր ճանապարհներով:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: