Monday, January 31, 2011

Ադրբեջանահայերը նամակ են ուղարկելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Tert.am. 31-1-2011- Վերջին շրջանում Բաքուն ավելի է ուժեղացրել ճնշումները ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների համագումարի կազմկոմիտեի անդամ Արարատ Ծատուրյանը՝ նշելով, որ այդ մասին իրենք հաճախ են ահազանգեր ստանում, և այդ ահազանգերն իրենց լրջորեն մտահոգում են: «Բաքվի ռեժիմը շարունակում է սերմանել ռասսայական ատելություն, ջանքեր է գործադրում՝ հայի կերպարն ավելի թշնամացնելու համար»,- ասաց Ծատուրյանը:
«Ադրբեջանի ռազմական հռետորաբանության ուժեղացումը մեզ հանգիստ չի թողնում, որովհետև այն առաջին հերթին ուղղվելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: Կարելի է պատկերացնել, թե նման ագրեսիայից հետո ինչ իրավիճակ կստեղծվի տարածաշրջանում»,- հայտարարեց քաղաքական, կրոնական և ազգային խմբերի՝ Ադրբեջանի փախստականների լիազոր ներկայացուցիչների համակարգող խորհրդի քարտուղար Էդուարդ Փոլատովը: Նրա խոսքով՝ ադրբեջանահայերին, ինչպես նաև Հայաստանում ապրող մյուս ազգային փոքրամասնություններին մտահոգում է նաև Ադրբեջանի ռազմական բյուջեի մեծացումը:
Քաղաքական, կրոնական և ազգային խմբերի՝ Ադրբեջանի փախստականների լիազոր ներկայացուցիչների համակարգող խորհուրդը պատրաստվում է այսօր նամակով դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ պահանջելով միջամտել իրավիճակին և միջոցներ ձեռք առնել, որպեսզի փախստականներն այլևս ճնշումների չենթարկվեն Ադրբեջանի կողմից:
«Սուտն ու զեղծարարությունը, որոնք ագրեսորի և իրական օկուպանտի համար այդ սարսափելի որակումն արդարացնելու միակ միջոցն են, պետք է մերկացվեն: Եթե մեզ չհաջողվի անել դա հաճախ քաղաքական կոնյունկտուրային հետևող պաշտոնական միջազգային կառույցներին՝ մասնավորապես ՄԱԿ-ի միջոցով, ապա մենք՝ Ադրբեջանի փախստականներս, քայլեր կձեռնարկենք հանցագործությունների հետաքննման և Բաքվի ստի մերկացման ուղղությամբ՝ անկախ իրավապաշտպան կառույցների միջոցով՝ աշխարհի երկրների քաղաքացիների խղճին և պատվին ուղղակինորեն դիմելու ժողովրդավարական իրավունքին լիովին համապատասխան»,- մասնավորապես նշվում է նամակում:
Ասուլիսին մասնակցող Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչ, դերասան Ռազմիկ Խոսրոևն ընդգծեց, որ իրենց կարծիքով՝ ՄԱԿ-ը պարտավոր է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որպեսզի բոլոր երկրներում ազգային փոքրամասնությունների խնդիրները որոշակիորեն լուծվեն: Միաժամանակ, Խոսրոևի դիտարկմամբ, ՄԱԿ-ին այսօր չի հաջողվել նման մթնոլորտ ստեղծել:

No comments: