
Թերթն այնուհետեւ պարզաբանում է, որ «տեղացի եւ միջազգային փորձագետների կարծիքովՙ Ղարաբաղում սկսվելիք երկրորդ պատերազմը կարող է ընթանալ մի քանի սցենարով»: Ըստ այդմ, ամենահնարավորն է դիտվում «կարճաժամկետ եւ արագընթաց ռազմագործողությունը, սակայն ի սկզբանե պատերազմ սկսվելու դեպքում իրադարձությունների հնարավոր ընթացքը դժվար է ճշտել»: Թերթի տեղեկացվածությամբ, պատերազմի մի քանի տարբերակ է մշակվել: Դրանց համակարգչային մոդելավորումներն անցյալ տարի պաշտպանության նախարարությունում քննարկվել են Իլհամ Ալիեւի մասնակցությամբ: Ըստ «Ենի Մուսավաթ»-ի, այդ բոլոր տարբերակների մասին իրազեկված է նաեւ թուրքական ԶՈՒ հրամանատարությունը, եւ «պատերազմի դեպքում թուրք գեներալները նույնպես մասնակից կարվեն զորքերի կառավարմանը»:
Հնարավոր է` սա ընդդիմադիր թերթի կողմից պարզ սադրանք է իշխանությունների դեմ: Բայց եւ չի կարելի ուշադրությունից դուրս թողնել, որ «Մուսավաթ»-ում վերջին ժամանակներս տեղի են ունեցել շատ սկզբունքային գործընթացներ. իշխանությունների հետ արմատական հակասության մեջ գտնվող մի շարք գործիչներ հեռացել են կուսակցությունից: Դա կարծես խոսում է այն մասին, որ «Մուսավաթ»-ը կարող է ընդունել «կառուցողական ընդդիմություն դառնալու» մասին որոշում: Եթե ներքաղաքական զարգացումների մեջ առկա է այդ գործոնը, ապա չի բացառված, որ իշխանություններն իրենց համար ցանկալի արտաքին քարոզչական որոշ նուրբ խնդիրներ մատուցեն «ընդդիմության սադրանքի» փաթեթավորմամբ:
Այսպես թե այնպես` իրողություն է, որ անցյալ ամռանը Բաքվում Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվել է ռազմավարական համագործակցության պայմանագիր, որի մանրամասնությունները պահվում են խիստ գաղտնի: Շատ ուշագրավ է, որ հնարավոր պատերազմին թուրքական կողմի ներգրավվածության մասին «Ենի Մուսավաթ»-ի տեղեկատվությունը մատուցված է այն հավանականությամբ, որ «եթե ռուսներն աջակցեն Հայաստանին, ապա Թուրքիան էլ կպաշտպանի Ադրբեջանին», ինչը թերեւս հասկանալի է դարձնում, թե ինչու Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու մասին հայ-ռուսական համաձայնությանն անմիջապես հետեւեց Գյուլի այցը Բաքու, որի ընթացքում էլ կողմերն ստորագրեցին թուրք-ադրբեջանական` արդեն նշված պայմանագիրը:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ
No comments:
Post a Comment