Thursday, February 24, 2011

Պատասխան Թուրքիայի Արտգործնախարարության՝ «1915 թ.-ի դեպքերը» վերնագրով զեկույցին

Հայտնի իրողություն է, որ բացահայտված հանցանքը, հատկապես դատավճռից առաջ, հանգիստ չի տալիս հանցագործին: Հանցագործն այս հոգեվիճակում փրկության հույսը դնում է ստի վրա, իսկ սուտը, հանրահայտ ճշմարտություն է, ծնում է մեկ այլ սուտ, և ի վերջո հանցագործը հայտնվում է իր իսկ սարքած ծուղակում՝ սակայն առանց գիտակցելու իր վիճակի զավեշտալիությունը: Սա Թուրքիայի կառավարության այսօրվա (և 96 տարվա) վիճակն է, որը Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին վերածվել է մտագարության:
Դրա հերթական ապացույցը Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության՝ «1915 թ. դեպքերը» վերնագրով զեկույցն է, որի մեջ լկտիաբար հայտարարվում է. «Հայերին վերացնել և կոտորել ցանկացող պետությունը կդատե՞ր հայերի նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերած թուրք պաշտոնյաներին»:

Զեկույցում նշվում է, որ 1919-1921 թթ. դատավարության գործով ձերբակալված 673 հոգուց 67-ի նկատմամբ օսմանյան ռազմական արտակարգ ատյաններում մահապատժի որոշում է կայացվել: Նախ՝ ճշտենք. ռազմական արտակարգ ատյանները մահապատժի որոշում են կայացրել ընդամենը 20, այլ ոչ թե 67 հոգու նկատմամբ:

Այդ մարդիկ դատվել են ապացուցված հանցագործության՝ հայերին զանգվածաբար տեղահանելու և բնաջնջելու մեղադրանքով, իսկ ոճիրը մտահղացողներն ու իրականացնողները կառավարության առաջին դեմքերն էին, պետական այլ պաշտոնյաներ՝ նախարարներ, նահանգապետեր, ոստիկանապետեր և այլն, այսինքն՝ կառավարությունը: Սակայն դատապարտվածներից մահապատժի են ենթարկվել ընդամենը երեքը, որոնցից երկուսը՝ Մեհմեդ Քեմալը և Բեհրամզադե Նուսրեթը, հերոսացվեցին քեմալականների կողմից. Բեհրամզադե Նուսրեթի մահապատժի օրը` 1920 թ. օգոստոսի 5-ին, Անկարայի մեջլիսը, ի նշան հարգանքի, 10 րոպեով դադարեցրեց իր աշխատանքը: Դարձյալ Անկարայի մեջլիսի 1920 թ. դեկտեմբերի 9-ին ընդունած որոշման համաձայն` թոշակ տրամադրվեց Քեմալի ընտանիքին, նույն տարվա դեկտեմբերի 25-ին որոշում կայացվեց Բեհրամզադե Նուսրեթի ընտանիքին թոշակ նշանակելու մասին[1]:

Թուրքիայի ԱԳՆ-ն այս զեկույցում դարձյալ հայտարարում է, որ 1915 թ. իրադարձությունների արդյունքում ստեղծված հակամարտության կարգավորման ամենահարմար ուղին հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծումն ու գիտական անկողմնակալ ուսումնասիրության իրականացումն է: Սակայն ի՞նչ կտա նման հանձնաժողովը, եթե Թուրքիայի կառավարությունը չի ընդունում թուրքական իսկ դատարանի՝ 1919-1921 թթ. կայացած վճիռները: Իսկ դրանք փաստում են, որ հայերի տեղահանությունն ու կոտորածները նախապես ծրագրված և կազմակերպված բնույթ են ունեցել, այսինքն՝ ցեղասպանություն է կատարվել:

Զեկույցում տեղ է գտել նաև թուրքական քարոզչամեքենայի մաշված ու փաստազուրկ այն պնդումը, թե Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերը, համագործակցելով զավթիչ ռուսների հետ, մուսուլմաններին կոտորել են` սպանելով 523 հազար 955 թուրք։ Արդեն տեսանք, թե Թուրքիայի արտգործնախարարությունը պատմական, ավելին՝ դատարանով վավերացված պաշտոնական թվերի հարցում ինչքանով է անաչառ ու ճշտապահ: Իսկ «523 հազար 955»-ը նաև կառուցվածքով է շատ հետաքրքիր. սովորաբար նման դեպքերում ասում են «գրեթե 524 հազար», բայց պատմական փաստերի նկատմամբ այդքա~ն բծախնդիր արտգործնախարարությունը ինչպե՞ս կարող էր թույլ տալ նաման կեղծիք:

Հակառակ թուրքական դատարաններով հաստատված և առնվազն Թալեաթ և Ջեմալ փաշաների հրատարակված հուշագրություններավ փաստված ճշմարտության (հայկական և օտար աղբյուրների մասին չենք խոսում. չէ՞ որ դրանք բոլորն էլ կեղծ են և Թուրքիայի վատն են ուզում)՝ զեկույցում շեշտվում է, որ կառավարության կողմից իրականացված տեղահանության որոշումը նախօրոք պլանավորված չի եղել և քաղաքական նպատակ չի հետապնդել. այն կրել է «սահմանափակ բնույթ»: Այո’, եթե նկատի ունենանք, որ Հայոց ցեղասպանության ճարտարապետները, հատկապես՝ Թալեաթը, որոշել էին աշխարհում մեկ հայ թողնել՝ թանգարանում ցուցադրելու համար, ուրեմն օսմանյան կառավարության իրականացրած «տեղահանությունը սահմանափակ բնույթ» ուներ, քանի որ գործադրվեց միայն Օսմանյան կայսրության սահմաններում բակվող հայերի նկատմամբ: Իսկ հետաքրքիր է՝ քանի՞ հայ է տեղահանվել ու կոտորվել. թվերի նկատմամբ այդքան «բծախնդիր» Թուրքիայի արտգործնախարարությունը ինչու՞ տվյալներ չի բերում: Թերևս կարելի է գլխի ընկնել. եթե մինչև տեղահանությունը հայերի թիվը կայսրությունում անցնում էր երեք միլիոնից, իսկ այսօր Թուրքիայում ապրում ընդամենը 50-60 հազար հայ, այն էլ՝ միայն Ստամբուլում, ուրեմն սահմանափակ թվով տեղահանվածների թիվը պարզ է: Թվերի նկատմամբ հատուկ ակնածանք ունեցող ԱԳ-ին հիշեցնենք, որ մինչև Առաջին համաշխարհային պատերազմը միայն Ստամբուլում ապրում էին 200 հազարից ավելի հայեր:

Երկրորդ դժվարընկալելի հանելուկն էլ այն է, թե ովքե՞ր սպանեցին «523 հազար 955» թուրքերին: Պատերազմի նախօրյակին օսմանյան բանակ զորակաոչված 18-50 տարեկան հայ տղամարդի՞կ, որոնք հիմնակնում բարբարոսաբար ոչնչացվել էին՝ աշխատանքային գումարտակներում ուժասպառվելուց հետո, թե՞ անտեր ու անպաշտպան հայ երեխաները, կանայք ու ծերերը, որոնց մեծ մասը իր մահկնացուն կնքեց աքսորի ճանապարհներին կամ Դեր Զորի անապատում: Ակամա «գլխի ես ընկնում», որ ռուս-թուրքական ճակատում տված զոհերը վերագրում են հայերին, քանի որ ռուսական բանակում ծառայում էին Արևելյան Հայաստանից զորակոչված հայեր այն նույն օրենքով ու տրամաբանությամ, ինչ օսմանյան բանակում՝ Արևմտյան Հայաստանից ու կայսրության այլ վայրերից զորակոչված հայեր: Գուցե Թուրքիայի կառավարությանն ու, հատկապես, ԱԳ-ին պետք է շնորհակալությու՞ն հայտնել, որ մյուս ճակատներում տված զոհերն էլ հայերի ու Անտանտի համագործակցությանը չի վերագրում:

Ինչևէ. մի բան ակնհայտ է. Հայոց ցեղասպանության ուրացումը հանրապետական Թուրքիայի բոլոր կառավարությունների քաղաքականությունն է, որը որդեգրվեց նշված դատավարություններից անմիջապես հետո, երբ սկսվեցին դատավարություններն իրականացնող դատավորների ձերբակալությունները. դեպքն աննախադեպ էր: Նրանց դեմ քրեական գործ հարուցվեցª Բեհրամզադե Նուսրեթին մահվան դատապարտելու կապակցությամբ: 1921 թ. փետրվարի 2-ին դատավոր Նեմրութ Մուստաֆա փաշան դատապարտվեց 7, դատարանի անդամներից Ռեջեփ փաշան և Ռեջեփ բեյը` 5-ական, իսկ Ֆեթթահ բեյը` 3 ամիս ազատազրկման:

Հարկ է նշել, որ մինչ այդ էլ ռազմական արտակարգ ատյանի դատավորները, դատախազները և դատարանում որպես վկա հանդես եկած անձինք ահաբեկումների էին ենթարկվում երիտթուրքերի կողմից, որոնց մեծ մասը դեռ շարունակում էր պաշտոններ զբաղեցնել ռազմական, ներքին և արդարադատության նախարարություններում[2]:

Արդեն հիմնականում քեմալականներով ներկայացված վերջին Օսմանյան խորհրդարանի պատգամավորները 1920 թ. փետրվարի 20-ին հանդես եկան Դամադ Ֆերիդ փաշայի (մեծ վեզիր կամ վարչապետ) դեմ դատական գործ հարուցելու առաջարկով, քանի որ վերջինս բավականին հետևողական էր հայերի կոտորածների պատասխանատուներին բացահայտելու առումով[3]: Քեմալականների ճնշումների պատճառով Դամադ Ֆերիդը 1920 թ. հոկտեմբերի 17-ին հարկադրված եղավ հրաժարական տալ: Նրան փոխարինեց քեմալականների հանդեպ բարյացակամ տրամադրված Թևֆիկ փաշան: Վերջինիս պաշտոնավարման ընթացքում` 1920 թ. նոյեմբերի 8-ին, ձերբակալվեցին Բաբերդի դատավճիռն արձակած դատավորները:

Ակնհայտ է, որ այս ամենի հեղինակը նոր ձևավորվող քեմալական Թուրքիայի իշխանություններն էին: Թուրքիայի արտգործնախարարությունը սրանում համոզվելու համար պատմաբանների հանձնախմբի կարիք պետք է որ չունենա: Նրան պարզապես հիշեցնենք պատմական հայտնի փաստերը. երբ անգլիացի գործակալ Ֆրյուն Մուստաֆա Քեմալի ուշադրությունն է հրավիրում քեմալականների կողմից իթթիհադականների հանցագործությունները դատապարտելու անհրաժեշտության վրա՝ ասելով« թե «Նախ և առաջ պարտավոր եք ընդունել Իթթիհաթ վե թերաքքիի ոճրագործությունները, Քեմալը պատասխանում է «Ես Իթթիհաթ վե թերաքքի կուսակցության ներկայացուցիչը չեմ©©© Սակայն Ձեր թուլյտվությամբ պետք է ասեմ« որ Իթթիհաթ վե թերաքքին հայրենասեր կազմակերպություն էր»[4]:

Կարծես պարզ է դառնում, թե ինչու Հայոց ցեղասպանության մեջ դատարանի կողմից մեղավոր ճանաչված և Մալթա աքսորված բազմաթիվ երիտթուրքեր հանրապետական շրջանում զբաղեցնում են կարևոր պետական պաշտոններ: Այսպես, օրինակ, Հայոց ցեղասպանության ժամանակ Բիթլիսի և Հալեպի նահանգապետը եղած և այստեղի հայերի կոտորածների համար պատասխանատու Աբդուլհալիք Ռենդան Մալթայի աքսորից վերադառնալուց հետո զբաղեցրել է Իզմիրի նահանգապետի« 1924-1930 թթ© Ֆինանսների« Ազգային պաշտպանության և Ռազմածովային նախարարների աթոռները« իսկ 1935 թ©ª ընտրվել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ« հետագայում եղել է նաև պետնախարար: Հալեպ և Ադանա վիլայեթներում կատարված տեղահանության ու կոտորածների պատասխանատու Շյուքրյու բեյը Մալթայից փախչելուց հետո որոշ ժամանակ գտնվել է Իտալիայում և Գերմանիայում« իսկ Թուրքիա վերադառնալուց հետո դարձել պատգամավոր« ինչպես նաևª գյուղատնտեսության« արտաքին ու ներքին գործերի նախարար: Տեղահանության ժամանակ Վանի և Էրզրումի (Կարին) նահանգապետը եղած Հասան Թահսին Ուզերը« ով հայերի դեմ կոտորածները ղեկավարած լինելու մեղադրանքով աքսորվել էր Մալթա« Թուրքիա վերադառնալուց հետո եղել է Արդահանի« Էրզրումի ու Քոնիայի պատգամավոր: Միություն և առաջադիմություն կուսակցության գլխավոր քարտուղար Միդհաթ Շյուրքրյու Բլեդան պատմագավոր է եղել հանրապետական շրջանում: Իթթիհադի ժամանակ Պատգամավորների պալատի նախագահի« ներքին գործերի« արդարադատության և արտաքին գործերի նախարարի պաշտոնները զբաղեցրած Հալիլ Մենթեշեն նույնպես պատգամավոր է ընտրվել հանրապետական շրջանում: Ահմեդ Մուամմեր Ջանքարդեշը« ով Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանում եղել է Սվասի (Սեբաստիա) և Քոնիայի վալին« հանրապետական շրջանում դարձել է պատգամավոր: Ալի Մյունիֆ Եղենաղան« ով Մալթա էր աքսորվել Լիբանանում կատարված հայերի կոտորածների համար« քեմալական շրջանում դարձել է քաղաքապետ ու պատգամավոր:

Ցանկը կարելի է շարունակել. անունները շատ են: Բայց դրանց մեջ հատուկ պետք առանձնացնել թուրքական բոլոր ժամանակների կառավարությունների ոգեշնչման ու ընդօրինակման աղբյուր ոճրագործ (ըստ Քեմալ Աթաթուրքի՝ հայրենասեր) Թալեաթին, որի աճյունը կառավարության թույլտվությամբ (նախաձեռնությա՞մբ) տեղափոխվեց Թուրքիա՝ Ստամբուլ, և այսօր էլ Թալեաթի կիսանդրին գտնվում է Ստամբուլի Նուր-ու Զիա փողոցում, որտեղ ներկայում էլ շարունակում է գործել դեռևս 1909 թ. Թալեաթ փաշայի կողմից հիմնված «Ազատ և ընդունված մասոնների» օթյակը:

Հետաքրքիր է, թե թուրքական դատարանի կողմից մահվան դատապարտվածների մասին հպարտությամբ հայտարարություն անող Թուրքիայի արտգործնախարարությունը տեղյա՞կ է, որ այդ շարքում առաջինը Թալեաթի անունն է, ոճրագործ, որի կիսանդրին զարդարում է Ստամբուլը և ողջ Թուրքիան:

Դատավարության նախօրյակին Թուրքայի քաղաքական-մտավորական շրջանակներում և հասարակության մեջ մեկ հիմնական հարց էր քննարկվում. հայերի տեղահանության ու կոտորածների հարցը պետք է մասնատել և քննել առանձի՞ն դատավարություններով (ինչպես որ եղավ) և տարբեր դատավճիռներ ընդունել, թե՞ համարել մեկ գործ և մեկ միասնական վճիռ ընդունել: Այս տեսակետից խիստ ուշագրավ է «Ալեմդար» թերթի տեսակետը. «Այդ դեպքում անհրաժեշտ է որևէ բանական, օրինական և տրամաբանական ելք գտնել: Այդ ելքը կա: Ավելի ճիշտ` այն ընկալում ենք ոչ թե որպես ելք, այլ` միակ օրինական ճանապարհը, որին մինչև այժմ էլ պետք է հետևած լինեինք:

Տեղահանություններն ու կոտորածները կրում են համընդհանուր բնույթ: (…) Այդ իսկ պատճառով առանձին-առանձին հետաքննություններն անհրաժեշտ չենք համարում: Պետք է կազմակերպել մեկ դատավարություն, որը կլինի հասարակական հայցի հիման վրա: Խնդիրը պետք է լուծվի ընդհանուր դատավճռով»[5]:

Այս պահանջն այսօր էլ մնում է արդիական, որից Թուրքական իշխանությունները խուսափել չեն կարող:

Իսկ եթե կա պատմաբանների հանձնախմբի անհրաժեշտություն, ապա միայն՝ մահվան դատապարտվածների թվերը ճշտելու կամ նման հարցերի համար, որի կարիքը, ինչպես երևում է, ունեն միայն Թուրքիայի իշխանությունները:

[1] Taner Akçam, İnsan Hakları ve Ermeni Sorunu, s. 556. Այսօր ևս Բոզազլըյանում կարելի է հանդիպել հերոսի կոչմանն արժանացած հայասպան Քեմալի արձանը, ինչ վերաբերում է մյուս ոճրագործին` Բեհրամզադե Նուսրեթին, ապա Ուրֆայում նրա անվամբ է անվանակոչվել տարրական դպրոց ու պողոտա:

[2] Գրիկէր, Եոզղատի հայասպանութեան վաւերագրական պատմութիւնը, էջ 307: Ըստ Ֆերուդուն Աթայի` Նեմրութ Մուստաֆա փաշան և դատարանի անդամները մեղադրվում էին Բեհրամզադե Նուսրեթի վերաբերյալ երկու միմյանցից տարբեր դատական արձանագրություններ կազմած լինելու մեջ: Նեմրութ Մուստաֆան չէր ընդունել իրեն հասցեագվող այդ մեղադրանքը և բողոքարկել էր այն: Տե’ս Ferudun Ata, İşgal İstanbulu’nda Tehcir Yargılamaları, ss. 284-285.

[3] Taner Akçam, İnsan Hakları ve Ermeni Sorunu, s. 585.

[4] Sina Akşin, İstanbul HՖkՖmetleri ve Milli MՖcadele, İstanbul, 1983, s. 192.

[5] Refi Cevad, Tehcîr ve Taktil Muhakemeleri, “Alemdar”, 28 Mart 1919.

Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն

No comments: