Monday, February 7, 2011

Կհետևի՞ արդյոք Ադրբեջանը Եգիպոտսի օրինակին. փորձել է պարզել BBC-ն

Tert.am. 7-2-2011- Ադրբեջանի ընդդիմության կարծիքով՝ Մուբարաքի և Ալիևի միջև շատ ընդհանրություններ կան, իսկ արաբական երկրներում սկսված ժողովրդական հուզումները պետք է դաս լինեն Ադրբեջանի իշխանությունների համար։ Ընդդիմադիրների մի մասը իշխանություններին կոչ է արել նույնիսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում իրադարձությունների կզարգանա եգիպտական և թունիսյան սցենարներով։
Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը, խոսելով Բաքվի արվարձանում կանգնեցված Հոսնի Մուբարաքի հուշարձանի մասին, կարծիք է հայտնել, որ դրա առկայությունը վկայում է ոչ թե երկու ժողովուրդների լավ հարաբերությունների, այլ ավտորիտար վարչակազմերի ընդհանրությունների մասին։ Նա կոչ է արել ապամոնտաժել Մուբարաքի հուշարձանը։
Ըստ Ղամբարի՝ Ադրբեջանի հասարակությունը հետևում է արաբական երկրներում տեղի ունեցող իրադարձություններին։ «Դա բնական է, քանի որ շատ ընդհանուր պահեր կան։ Ե՛վ Ադրբեջանում, և՛ այդ երկրներում, ավտորիտար վարչակազմեր են, որոնք չեն զբաղվում երկրի խնդիրներով, այլ միայն իրենց բարեկեցության մասին են մտածում։ Մյուս կողմից՝ դրանք արևելյան երկրներ են՝ իսլամադավան բնակչությամբ, որն էլ հենց ընդհանրություն է ստեղծում»,- նշել է նա։
Ադրբեջանի իշխող կուսակցության ներկայացուցիչների կարծիքով, սակայն, երկրի կայունությանը որևէ բան չի սպառնում, իսկ զուգահեռներ անցկացնել Եգիպտոսի և Ադրբեջանի միջև անհիմն է։ «Տնտեսական, քաղաքական, կրոնական առումներով Ադրբեջանը խիստ տարբերվում է արաբական աշխարհից»,- BBC-ի թղթակցին ասել է Ադրբեջանի խորհրդարանի անդամ, իշխող կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Մուբարիզ Ղուրբանլին։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանն իր մոդելով ավելի շատ նման է Թուրքիային, քան արաբական երկրներին, իսկ Արբեջանի հասարակաությունն ավելի շատ աշխարհիկ է, քան կրոնական։
Իսկ ահա քաղաքագետ և արաբագետ Զարդուշտ Ալիզադեի կարծիքով՝ արաբական երկրների և հետխորհրդային երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի միջև նմանություն կա, սակայն այդ երկրներում փոփոխությունները կախված են Ռուսաստանում տեղի ուենցող փոփոխություններից։ «ԱՊՀ երկրների վարչակազմերը և արաբական վարչակազմերը շատ նման են։ Մենք դարձել ենք պորտաբույծ երկրներ, որոնք ապրում են կա՛մ բնական ռեսուրսների հաշվին, կա՛մ տարանցիկ դերով։
Սակայն մենք չունենք այն արյունակցությունը, որն առկա է արաբական ժողովուրդների շրջանում»,– նշել է Ալիզադեն՝ հավելելով, թե ԱՊՀ երկրներում բարեփոխումները կսկսվեն Ռուսաստանում փոփոխություններից հետո միայն։ «ԱՊՀ ավտորիտար երկրները դատապարտված են բարեփոխումների, սակայն այդ ամենը կսկսվի այն ժամանակ, երբ Ռուսաստանում լայնածավալ ժողովրդավարական շարժում սկսվի»,- ասել է ադրբեջանցի քաղաքագետը։

No comments: