Monday, February 7, 2011

Հայաստանն ու Վրաստանը մեղմացնելու են սահմանային հաղորդակցությունը

News.am. 7-2-2011- Հայաստանի եւ Վրաստանի սահմանապահ եւ մաքսային ծառայությունների ռիսկերի գնահատման եւ կառավարման գործընթացն են քննարկել երկու երկրների պետական գերատեսչությունների փորձագետներն ու ներկայացուցիչները Երեւանում ընթացող աշխատանքային սեմինարին:
«Ռիսկերի գնահատումն ու կառավարումը հանդիսանում են Հարավային Կովկասի սահմանների համալիր կառավարման ծրագրի հինգ մոդուլներից մեկը, որ իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրով»,- հայտարարել է Վրաստանում ծրագրի ղեկավար Նիկոլոզ Սամխարաձեն, գրում է bizzone.info-ն:
Նրա խոսքով, ծրագիրը նախատեսված է Հարավային Կովկասի երեք երկրների` Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի համար:
Սամխարաձեն նկատել է, որ ծրագրի գլխավոր մոդուլներից է անցակետերը ժամանակակից սարքավորումներով սպառազինումը, մասնավորապես Սադախլո-Բագրատաշեն անցակետում: «Մենք սովորում ենք եվրոպացի փորձագետներից եւ այդ փորձը ցանկանում ենք օգտագործել Հարավային Կովկասում»,- ասել է նա:
ԸստՍամխարաձեի, հայ-վրացական սահմանին այսօր մեծ խնդիրներ չկան: «Մեզ մոտ ողջ թափով ընթանում են կառույցների բարեփոխումները, ինչպես սահմանապահ, այնպես էլ մաքսային, եւ մենք ծրագրում ենք առավելագույն մեղմացնել անցումը հայ-վրացական սահմանով»,- ամփոփել է նա:

No comments: