Wednesday, February 9, 2011

«Թուրքիան Եվրոպական միություն ձգտող միակ երկիրն է, որը շրջափակման է ենթարկում իր հարևանին»

Panorama.am. 8-2-2011- Թուրքիան մի երկիր է, որը ցեղասպանության և հայրենազրկման միջոցով տիրացել է թե՛ պատմական հայկական և թե՛ Պոնտոսի հույների պատմական հողերին: Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամանակ տեսակետ հայտնեց Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Պատգամավորի խոսքով, Թուրքիան Եվրոպական միություն ձգտող միակ երկիրն է, որը շրջափակման է ենթարկում իր հարևանին, և նրա ֆինանսական օժանդակության արդյունքում Ադրբեջանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջաններ:
«Խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի մասին` պետք է նշեմ, որ Հարավային Սուդանի հանրաքվեն ցույց տվեց, որ աշխարհում շարունակվում է ինքնորոշման իրավունքի իրացման հաղթարշավը: Նույնիսկ սրանից հետո Ադրբեջանը, արհամարհելով միջազգային իրավունքի նորմը, ինքնորոշման իրավունքի իրացումը մեկնաբանում է յուրովի, որ ինքնորոշում կարող է լինել միայն Ադրբեջանի կազմում: Եթե ադրբեջանցիները այդքան մեծ ցանկություն ունեն ինքնորոշում տրամադրել, ապա նրանք գործելու լայն հնարավորություն ունեն և կարող են ինքնորոշում տալ թալիշներին և լեզգիներին: Արցախը երբեք որեւէ առնչություն չի ունեցել անկախ Ադրբեջանի հետ», -հավելեց պատգամավորը` ընդգծելով, որ արցախյան խնդրի միակ արդարացի լուծումը կա՛մ 1991թ. հանրաքվեի արդյունքների ընդունումն է կա՛մ հանրաքվեի միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը:

No comments: