Tuesday, February 8, 2011

ՀԱՅ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ` ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ

«ԱԶԳ», 08-02-2011- Թուրքիայում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, որոնց համատեքստում էլ դիտարկվում են շատ գործընթացներ հարեւան երկրում, թուրքական կուսակցությունների ընտրական ցուցակներում հայ համայնքի ներկայացուցիչներ են ընդգրկվել:
Ըստ թուրքական «Hurriyet Daily News» պարբերականի, հունիսյան ընտրություններին ստամբուլահայ համայնքից որպես թեկնածու տարբեր կուսակցությունների ցուցակներով կմասնակցեն 6-ը, եւս մեկը` որպես անկախ թեկնածու:
Առաջադրված հայ թեկնածուներից մեկի` Արեւ Ջեբեջիի խոսքերով, որ ներկայացնելու է գլխավոր ընդդիմադիր` Ժողովրդահանրապետական կուսակցությունը, հայ թեկնածուների բացակայության վերջին 50 տարիների «ավանդույթը» փոխվել է «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո:
Դինքի սպանությունն, ըստ Ջեբեջիի, միանշանակ ազդեցություն չի ունեցել հայերի վրա, քանի որ հայ համայնքի ներկայացուցիչների մի մասը մտավախություն ունի, թե կարող է սպանվել իր արտահայտությունների համար: Սակայն գալիք ընտրություններին մասնակցություն ունենալու հեռանկար ունեցող հայերի նման մտածողները քիչ չեն, որոնք նախընտրում են բարձրաձայն պաշտպանել իրենց իրավունքները:
Վերջին 50 տարիներին այս ընտրություններն առաջինը կլինեն, երբ Թուրքիայի հայկական համայնքը կարող է ներկայացուցիչ ունենալ օրենսդիր մարմնում: Ջեբեջին ներկայացրել է, թե նախկինում հայերն իրենք էին խուսափում Թուրքիայի ներքին քաղաքականությանը մասնակից դառնալուց` «համատեղ անցյալի ցավոտ իրադարձությունների առումով»:
Ջեբեջին վստահեցրել է, որ Թուրքիայի խորհրդարանում հայտնվելու դեպքում բարձրացնելու է հայ համայնքի խնդիրները, միեւնույն ժամանակ, ներկայացնելով ողջ Թուրքիայի հասարակությունը: Հայ թեկնածուի վկայությամբՙ հայ համայնքի ներկայացուցիչները շատ դեպքերում անտեղյակ են իրենց իրավունքներից, վախով, որ «նոր խնդիրներ չավելանան եղածներին»:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: