Monday, February 21, 2011

ՄԱՐԴԿԱՆՑ ԱՊՈՒՇԻ ՏԵՂ ՄԻ ԴՐԵՔ

«Լրագիր» 21-2-2011- Դաշնակցությունը ձեռնամուխ է եղել ընտրական իրավունքի պաշտպանության շարժման: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ակցիան համարել է “անպարտելի” այն իմաստով, որ ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը, ոչ էլ հասարակությունը չեն կարող հրաժարվել նման շարժմանը մասնակցելուց: Արմեն Ռուստամյանն ասել է, թե շարժումը կարող է հասարակության ինքնակազմակերպման յուրօրինակ ձեւ դառնալ:
Դաշնակցության նախաձեռնությունն իսկապես անպարտելի է թվում: Ընտրողների իրավունքի պաշտպանությունն անհրաժեշտ է, եւ հասարակության ինքնագիտակցությունը կարող է իր դերն ունենալ: Բայց կա մի “բայց”` բոլոր այս գործընթացներում ՀՅԴ-ն կարծես իշխանությանը տալիս է առավելություն, նրան թողնելով ընտրությունը կեղծելու իրավունքը եւ ընդամենը սահմանափակելով նրա հնարավորությունները: Իշխանության ճամբարի գերմոբիլիզացիայի պայմաններում ընտրական իրավունքի պաշտպանության շարժումը չի կարող արդյունավետ լինել, քանի որ ընտրակեղծիքի գլխավոր գործիքը ոչ թե հասարակության ցածր ինքնագիտակցությունն է, այլ վարչական ռեսուրսը, որ կենտրոնացած է մարդկանց մի խմբի ձեռքին: Եւ ընտրական իրավունքի համար շարժումը պետք է սկսել այդ խմբին վարչական ռեսուրսն օգտագործելու իրավունքից զրկելուց:

Փաստացի, Դաշնակցությունը խոստովանում է, որ իշխանությունը կեղծել է անցած ընտրությունները, օգտագործելով ինչպես վարչական ռեսուրսը, այնպես էլ ընտրակաշառքը: Անարդար ընտրության արդյունքում իշխանությունը վերցնելը կոչվում է ուզուրպացիա: Սակայն, կուսակցությունը մոռանում է, որ նման ընտրության արդյունքում ինքն էլ է եկել իշխանության, մտնելով իշխող կոալիցիա, եւ դուրս չէր գա դրանից, եթե չլիներ հայ-թուրքական գործընթացը: Եւ նախքան արդար ընտրությունից խոսելը կուսակցությունը պետք է մեղանչի ուզուրպացված իշխանության մաս լինելու համար, ինչպես նաեւ պահանջի գործող իշխանության հրաժարականը:

Չէ՞ որ ակնհայտ է, որ արդար ընտրությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե բոլոր ուժերը հանդես են գալիս նույն մեկնարկային դիրքերից: Այն փաստարկը, որ իշխանությունը միշտ առավելություն ունի վարչական ռեսուրսի տեսակետից, հերքվում է արեւմտյան դեմոկրատիաների փորձով: Մեկնարկային դիրքերն այդ երկրներում ապահովում է ընտրական հանձնաժողովների ոչ իշխանական կազմը եւ ազատ հեռուստատեսությունը: Հենց ընտրական հանձնաժողովների ու հեռուստատեսության վերահսկողությունը, ինչպես նաեւ բանակի մասնակցությունն են վարչական գլխավոր ռեսուրսները: Եւ պայքարել է պետք հենց դրա դեմ, իսկ ընտրողներն իրենք կորոշեն իրենց ձայների արժեքը:

Արմեն Ռուստամյանը պնդում է, որ շարժումը կարող է հասարակության ինքնակազմակերպման յուրօրինակ ձեւ լինել: Փաստացի, Դաշնակցությունն առաջարկում է այդ կառույցները հանգիստ թողնել, վստահ լինելով, որ դրանք կրկին կփորձեն կեղծել ընտրությունը, եւ զուգահեռաբար ստեղծել ինքնակազմակերպման նոր ձեւ: Դա հանգեցնում է մտքին, որ ՀՅԴ պարզապես պահում է իշխանության թիկունքը, ինչպես նախկինում:

ՀՀԿ, ՕԵԿ եւ ԲՀԿ միջեւ կոալիցիոն պայմանագրի կնքումից հետո ՀՅԴ առաջնորդները ցասկոտ հայտարարությամբ հանդես եկան առ այն, որ իշխանությունը ձգտում է բացարձակ իշխանության եւ ընդդիմությունից խլել ինչ որ 25 տեղ 131 հոգանոց խորհրդարանում:

Իսկ ի՞նչ էր մտածում Դաշնակցությունը, երբ 2007 եւ 2010 թթ. Ղարաբաղում ընտրությունների ժամանակ միացավ իշխող կուսակցություններին, ԼՂՀ-ում «ապահովելով» բացարձակ իշխանությունը: Միջազգային կազմակերպությունները ԼՂՀ-ն դասեցին անազատ երկրների շարքին այն պատճառով, որ նրա խորհրդարանում չկա որեւէ ազատ պատգամավոր: Այն ժամանակ ՀՅԴ-ն միասնության կոչեր էր անում, կարծես թե ընտրությունը բաժանման գործիք են: Ներկայում, երբ հարցականի տակ է նրա տեղը Հայաստանի խորհրդարանում, Դաշնակցությունը դատապարտում է կոալիցիոն կուսակցությունների միավորումը:

Պետք չէ մարդկանց ապուշի տեղ դնել:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: