Thursday, February 24, 2011

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

«ԱԶԳ», 24-02-2011- Անկեղծ ասած, բավականություն չէ` կարդալ հարեւան երկրի մամուլը: Բայց ստիպված ենք: Գոնե առայժմ, քանի դեռ, ինչպես իրենք են ասում, «պատերազմը չի ավարտվել»: Հատկապես քարոզչականը:
Օրերս «Ենի Մուսավաթ»-ը հետաքրքրական հարցում էր անցկացրել Բաքվի «ֆայլաբազարում»: Ըստ այդմ, Ադրբեջանի մայրաքաղաքում սեւագործ աշխատանքը, ինչպիսին, օրինակ, փողոց ավլելն է, ամսական արժե 100 մանաթ: Կամ` 100 դոլարից մի փոքր ավելի: Համեմատության համար նշենք, որ, ըստ պաշտոնական տեղեկության, Բաքվի մթերային շուկաներում տավարի մսի կիլոգրամն արժե 7-8 մանաթ: Ավելի էժան չեն մյուս մթերքները: «Եթե այսպես շարունակվի, մենք ստիպված ենք լինելու արաբների պես դուրս գալ բողոքի», թերթի թղթակցին ասել էր շինարարությունում աշխատող մի երիտասարդ ադրբեջանցի: Իսկ մի աղջիկ, որը Բաքվի Խաթայիի շրջանում «Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակին» կառուցված համալիրի շրջակայքում մաքրման աշխատանքներ էր կատարում, խնդրել էր իրեն «չլուսանկարել եւ անունը չհրապարակել, քանի որ բանակում ծառայող նշանած ունի»:
Այս համապատկերի վրա միանգամից աչքի է զարնվում Իլհամ Ալիեւի` օրերս ստորագրած երկու կարգադրություն: Դրանցից առաջինը վերաբերում է բնակչության անապահով խավերի, երկրորդը` «հարկադրաբար տեղահանվածների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը»:
Իշխանություններն այս կերպ ակնհայտորեն ձգտում են կանխել սոցիալական հնարավոր դժգոհությունները: Զուգահեռաբար նրանք շարունակում են «հակակոռուպցիոն պայքարը», որի շրջանակներում կառուցվածքային փոփոխություններ են կատարվում կառավարման համակարգում: Մասնավորապես, լուծարվել են մի քանի պետական կառույցներ, պաշտոնից հեռացվել է ջրային տնտեսության ղեկավարը:
Իր հերթին քաղաքական վերադասավորումների փուլ է սկսել ընդդիմությունը: Խոսակցություններն այն մասին, որ «Մուսավաթ»-ը պառակտվում եւ դադարում է ազդեցիկ ուժ լինելուց, այդպես էլ իրականություն չդարձան: Ավելին, Իսա Ղամբարի գլխավորությամբ ստեղծվել է «Հասարակական պալատ» կոչվող կառույց, որը, ինչպես գրում է նրա գլխավորած կուսակցության պաշտոնաթերթը, «մշակում է քաղաքակիրթ հեղափոխության ծրագիր»:
Ըստ այդմ, ամեն ինչ «պետք է սկսվի հասարակական զարթոնքից»: Գլխավոր խնդիր է դիտվում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացումը: Որոշ աղբյուրներ ասում են, որ իշխանությունները Միացյալ Նահանգներին եւ արեւմտյան այլ երկրների խոստացած են եղել Միլլի մեջլիսում առնվազը 20-25 տեղ տալ իրական ընդդիմությանը, «սակայն Իլհամ Ալիեւի շրջապատի «հին գվարդիան» վերջին պահին կարողացել է նրան համոզել, որ պնդօղակների թուլացման գործընթացը կարող է դուրս գալ վերահսկողությունից»:
Այսպես թե այնպես, բայց նույն աղբյուրները փոխանցում են, որ «Արեւմուտքը հիասթափված է Իլհամ Ալիեւից»: Իշխանություններն, իհարկե, ամեն ինչ անում են, որպեսզի նման տրամադրությունները չտարածվեն հասարակության լայն շրջանակներում: Պետական քարոզչությունն ուղղված է նրան, որ հպատակների գիտակցության մեջ ամրապնդվի Ադրբեջանի` որպես «թե՛ Արեւմուտքի, թե՛ Ռուսաստանի համար անփոխարինելի գործընկերոջ» գաղափարը:
Այդուհանդերձ, «Ազարբայջան» թերթը վատ թաքցրած ծաղրանքով գրում է, որ «Իլհամ Ալիեւը հրապարակային պարտություն կրեց Իրանի հետ իր իսկ սկսած մրցակցության մեջ», եւ նկատել է տալիս, որ Պաղեստինի հետ հարաբերությունների հետագա խորացման քայլը նա արել է ստիպված: «Հակառակ դեպքում Իրանը կարող էր անակնկալ մատուցել», կարծում է թերթը:
Իրավիճակի լրջությունը, սակայն, դրանից չի փոխվում: Փոխարենն Իլհամ Ալիեւը խնդիրներ է հարուցել Իսրայելի հետ հարաբերություններում: Պատահական չէ, որ մերձիշխանական մամուլն սկսել է խոսել Իսրայելի վարչապետի «միջազգային մեկուսացման» մասին:
Գրեթե ակնհայտ զգացվում է, որ հարեւան երկիրն իր հավակնությունների մեջ նախկինում բավական խախուտ հաշվարկներ է կատարել եւ այժմ հայտնվել շատ ազդու մարտահրավերների դեմ հանդիման: Թերեւս դրանով է բացատրվում, որ հատկապես ամերիկյան մամուլում Իլհամ Ալիեւը դիտվում է արաբական աշխարհի եւ պոստխորհրդային տարածքի ավտորիտար գործիչների հետ նույն շարքում:
The Washington Post-ի հեղինակներից Թոմ Մալինովսկին, մասնավորապես մերձավորարեւելյան բռնապետների կողմից ազգային հարստությունների սեփականացման խնդրին անդրադառնալով, հիշել է նաեւ պոստխորհրդային երկու երկրների առաջնորդներին` Իլհամ Ալիեւին եւ Իսլամ Քարիմովին, նկատել տալով, որ առաջինը «Դուբայում անցյալ տարի 11-ամյա որդու անունով 44 մլն դոլար արժեցող անշարժ գույք է ձեռք բերել, իսկ երկրորդի դուստրը բազմաթիվ բիզնես-կառույցների սեփականատեր է եւ, ամերիկյան դիվանագետների պնդմամբ, համարվում է երկրի ամենաատելի անձը»:
Այս մասին տեղեկագրում է ռուսաստանյան Regnum-ը, որն իր հրապարակումը վերնագրել է. «Ալիեւի որդին եւ Քարիմովի դուստրը պետք է վերադարձնեն ժողովրդի փողերը»: Խոստովանենք, որ շատ տարողունակ է ասված: Եվ թերեւս նաեւ հպատակներին լրատվական շրջափակման ենթարկելու` Իլհամ Ալիեւի հանձնարականն է պատճառ դարձել, որ Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն աննախադեպ արշավ սկսի արբանյակային ալեհավաքների դեմ: Իշխանության տեղական մարմինները մարդկանց պարզապես ստիպում են ապամոնտաժել դրանք:
Պետք է սպասել, որ հաջորդ քայլով կսահմանափակվի ինտերնետային եւ բջջային կապը: Այնպես, ինչպես արել եւ անում են մերձավորարեւելյան բռնապետները: Բայց փաստ է նաեւ, որ դա նրանց չի փրկել եւ չի փրկում:
ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

No comments: