Thursday, February 24, 2011

Ալիևը ԱՄՆ դեսպանին բողոքել է, որ ԼՂ հարցը դուրս է մղվել հայ–թուրքական կարգավորման գործընթացից. Wikileaks

Tert.am. 24-2-2011- Wikileaks-ը հերթական բացահայտումն է կատարել՝ այս անգամ Ադրբեջանի իշխող վարչակարգում տիրող տրամադրությունների վերաբերյալ: Rusrep.ru կայքը մանրամասներ է հրապարակել Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Էնն Դերսի (Anne Derse)` Պետդեպի հետ ունեցած գրագրություններից: Դերսին Բաքվում որպես ԱՄՆ դեսպան պաշտոնավարել է 2006-2009 թթ.:
«Ալիևն արևմտամետ արտաքին քաղաքականությունը (դրա պրագմատիզմով և զսպվածությամբ) համատեղում է ավտորիտար ներքին քաղաքականության, այլ քաղաքական հայացքների նկատմամբ անհանդուրժողականության հետ»,– գրում է ամերիկացի դեսպանը։
Ալիևի վարած արտաքին և ներքին քաղաքականության տարբերությունն ընդգծելու համար դեսպանը նույնիսկ վկայակոչում է հայտնի «Կնքահայրը» ֆիլմը և նշում, որ Ալիևի մեջ երկու Կոռլեոնեների հատկանիշներն են առկա՝ արտաքին քաղաքականությում ՝ Մայքլ Կոռլեոնեի և ներքին քաղաքականության մեջ Սոնի Կոռլեոնեի հատկանիշները։
Փաստաթղթում նշվում է նաև, որ եթե արտաքին քաղաքականությունն ԱՄՆ-ին «բավարարում է», քանի որ Ալիևը Ռուսաստանից անկախանալու ուղիներ է փնտրում, այդուհանդերձ, նրա ներքին քաղաքականությունը «խիստ դաժան է, ներքին քաղաքականության մեջ նա գործում է՝ «Դու միայն դիպչիր քրոջս, կսպանեմ» սկզբունքով։
Դեսպանը նաև շեշտում է, որ Ալիևը խիստ հիվանդագին է արձագանքում իր իշխանությանն ուղղված ցանկացած մարտահրավերի և ձգտում է բացարձակ իշխանության։
Իսկ 2009 թ. հանրաքվեից հետո, ըստ դեսպանի, Ալիևը կարող է հավերժ ղեկավարել Ադրբեջանը։ Այդ հանրաքվեն սահմանադրական բոլոր խոչընդոտները վերացրեց և «խեղդեց» գահի բոլոր հավակնորդների, այդ թվում՝ նրա կնոջ հույսերը, «որին ընկալում են որպես Փաշաևների կլանի ներկայացուցչի»։
Դեսպանը գրում է նաև 2009 թ.Ալիևի հետ ունեցած իր հանդիպման մասին։ Հանդիպման ժամանակ Ալիևը կշտամբել էր ԱՄՆ–ին՝ ասելով, թե Սպիտակ տունը արհամարհում է Ադրբեջանի շահերը և հաշվի չի առնում, որ ԱՄՆ–ին հետաքրքրող հարցերում Բաքուն միշտ Վաշինգտոնի կողքին է եղել։
Ալիևը մասնավորապես դժգոհել էր, որ Ղարաբաղյան հարցը դուրս է մղվել հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից։

No comments: