Tuesday, February 8, 2011

Հայ–թուրքական բարեկամության արձանի հարցը տեղափոխվում է դատարան

Tert.am. 8-2-2011- Հայ և թուրք ժողովուրդների միջև բարեկամություն խորհրդանշող Խաղաղության և բարեկամության հուշարձանի հեղինակ քանդակագործ Մեհմեթ Աքսոյը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ արձանը քանդելու որոշման։
Թուրքական Zaman օրաթերթի փոխանցմամբ՝ Էրզրումի դատարան ներկայացրած հայցով քանդակագործ Աքսոյը պահանջում է չեղյալ հայտարարել Կարսի քաղաքապետարանի՝ արձանն ապամոնտաժելու մասին որոշումը։
Zaman–ը տեղեկացնում է նաև, որ Կարսի քաղաքապետարանի որոշումն արդեն ուղարկվել է Կարսի նահանգապետարան և վերջինիս կողմից վավերացվելուց հետո կիրականացվի։
Օրեր առաջ Կարսի քաղաքապետարանի խորհրդի նիստում քվեարկության էր դրվել արձանն ապամոնտաժելու հարցը, որին դեմ էր քվեարկել խորհրդի նիստին մասնակցող 23 անդամներից 4-ը, կողմ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության 11 և «Ազգայնական շարժում» ընդդիմադիր կուսակցության 8 անդամներ։
Հունվարին Կարս կատարած այցի ընթացքում Էրդողանը «հրեշավոր» էր բնութագրել հայ–թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանը և կարգադրել քանդել այն։

No comments: