Thursday, February 24, 2011

ՀԱԿ-ն առաջարկում է կոշտացնել դիրքորոշումը Ալիևի հետ առաջիկա հանդիպմանը

Tert.am. 24-2-2011- Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանն այն կարծիքին է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման հնարավորությունը կախված է նրանից, թե կողմերն ինչ ճկունություն կցուցաբերեն ու նաև նրանից, թե պաշտոնական Երևանն ու Բաքուն ինչ նախնական մոտեցումներ են ներկայացրել կամ կներկայացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ տարածաշրջանային վերջին այցի ժամանակ։
«Ես ուզում եմ նախ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, թե ով է հնչեցրել այս հանդիպման հավանականության մասին։ Դա արվել է Բաքվում, Միացյալ Նահանգների դեսպանի շուրթերով, Ալիևի հետ հանդիպումից հետո»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց Վլադիմիր Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները բարձր մակարդակում դադարեցվել են դեռ անցած տարվա հոկտեմբերից։ «Բոլորը նկատել էին, որ թե° Աստանայում, թե° մի քանի օր հետո Մոսկվայում, ուր գտնվում էին Սերժ Սարգսյանը և Ալիևը, Ադրբեջանի նախաձեռնությամբ հանդիպումներ տեղի չունեցան»,– նշեց Կարապետյանը։
ՀԱԿ ներկայացուցչի համոզմամբ, եթե նախագահների առաջիկա հանդիպումը կայանա, այն կլինի աշխատանքային քննարկում, որի ընթացքում հնարավոր է ինչ–որ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, որոնք սակայն հրապարակային չեն դառնա։ «Չեմ կարծում, որ կլինեն պաշտոնական հայտարարություններ՝ հատկապես հաշվի առնելով, որ Աստրախանում ստորագրված փաստաթղթից հետո որևէ գործողություն չի արվում։ Փաստորեն, ստորագրված փաստաթուղթը նախատեսում էր գերիների և զոհվածների փոխանակում, բայց մենք որևէ գերի Ադրբեջանից չենք ստացել։ Այսինքն՝ մեր մասով այդ փաստաթուղթը մնաց թղթի վրա»,– ասաց Կարապետյանը։
Հարցին, թե ՀԱԿ–ն ինչ է առաջարկում բանակցությունների ներկա փուլում, Կարապետյանը պատասխանեց. «Հնարավորինս կոշտ պաշտպանել Հայաստանի շահերը, դա հիմնական առաջարկությունն է։ Մենք ներգրավված չենք բանակցություններում, մենք չգիտենք մանրամասները, բայց մեր մոտեցումն այն է, որ հանդես գանք կոշտ դիրքերից և հնարավորինս հետևողական պաշտպանենք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերը»։
Վլադիմիր Կարապետյանն անդրադարձավ նաև Հայաստանի նախագահի՝ փետրվարի 25–ին աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգ մեկնելու հանգամանքին։ «Մոսկվան Սերժ Սարգսյանին հրավիրեց այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ Հայաստան է ժամանում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան»,- ասաց նա։ Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Բ. Ստայնբերգը փետրվարի 23–26–ը կայցելի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ալբանիա և Բոսնիա:
Կարապետյանի կարծիքով՝ Ռուսաստանն այսօր փորձում է վերահսկողության տակ պահել բոլոր այն գործընթացները, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի և հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսման հետ։

No comments: