Thursday, February 24, 2011

Թուրքերի հերթական կեղտոտ խաղը. Դերսիմցի հայուհի Յեմուշի որդի ինժեներ Քեմալը

News.am. 23-2-2011- Թուրքիայում նախընտրական պայքարը սկսվել է կեղտոտ խաղերով։ Անհայտ անձի կողմից բոլոր թուրք պատգամավորներին է ուղարկվել ռասիստական շահարկումներով Սուլեյման Յեշիլյուրթի «Դերսիմցի հայուհի Յեմուշի որդի ինժեներ Քեմալը» գիրքը, որտեղ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի (որոշ տեղեկություններով նրա մայրը հայ է) դեմ վիրավորանքների շարան է։
Թուրքական Vatan-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր կուսակցապետը լրագրողներին հայտարարել է, թե այս ամենը իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախաձեռնությունն է։ «Էրդողանի կուսակցությունը վախից է նման հրատարակություններ շուկա հանում»,-ասել է Քեմալ Քըլըչդարօղլուն։
Հիշյալ գրքի վերաբերյալ իրենց քննադատական հայտարարություններ են արել նաեւ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Հասիփ Քափլանն ու Շերաֆեթթին Հալիսը։
Շերաֆեթթին Հալիսը նշել է, թե այդ գիրքը պատվիրված է, որն իր էությամբ ստորացուցիչ եւ անբարոյական մոտեցում է։ «Ես պարոն Քըլըչդարօղլուի փաստաբանը չեմ, սակայն այդ գիրքը վիրավորանքներով լեցուն է թե Քըլչդարօղլուի, թե հայերի տեսանկյունից։
Հատկանշական է, որ գրքի տպագրման ամսաթիվը փետրվարի 20-ն է, սակայն այն աննկարագրելի արագությամբ հաջորդ օրը հայտնվեց Թուրքիայի խորհրդարանում։ Մեկ փաստ եւս՝ գիրքը տպագրվել է Անկարայի համար ռեկորդային համարվող 100 հազար տպաքանակով։

No comments: