Wednesday, February 9, 2011

Մեր «փուչիկ» պաշտոնյաները

«Անկախ» 9-2-2011- Յուրաքանչյուր պետություն ինքն է իր անվտանգության հիմնական երաշխավորը: Նորություն չէ, որ ցանկացած պետություն արտաքին վտանգները դիմագրավում է այնքանով, որքանո՞վ այդ պետությունը ուժեղ է ներսից: Հայաստանի պարագայում այս պնդումների հիմնավորվածությունն առավել քան տեսանելի է:
Սակայն որքանով է ուժեղ Հայաստանը ներսից, որքանո՞վ ենք մենք պատրաստ համախմբվելու, ներքաղաքական տարաձայնությունները մի կողմ դնելու և հնարավոր արտաքին ագրեսիան համատեղ չեզոքացնելու: Այս համատեքստում կա մի շատ ցավալի հիմնախնդիր, որն առաջին հայացքից ուղղակիորեն կապ չունի ՀՀ անվտանգության հետ: Խոսքը մեր երկրում պաշտոններ զբաղեցնող անձանց կոմպետենտության մասին է:
Բավական է մեկ օր հետևել հայկական մամուլի հրապարակումներին՝ հասկանալու համար, թե ինչ կոմպետենտության աստիճան ունեն մեր չինովնիկները. թարմ օրինակներից է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը, որ պատասխանելով Եգիպտոսում տեղի ունեցող հակակառավարական ցույցերի և Հայաստանում նմանատիպ իրավիճակի ստեղծման հավանականության մասին լրագրողի հարցին` ասել է. «Սոցիալական բունտն էմոցիոնալ պոռթկում է, որը կարող է լինել անգամ ամենաբարեկեցիկ երկրներում և ամենաարդար սոցիալական իրավիճակներում։ Բայց բացարձակ անտրամաբանական է զուգահեռներ անցկացնել արաբական երկրների հետ։ Այդպիսի զարգացումների հավանականությունը հնարավոր չէ բացառել, բայց ոչ մի բունտ որևէ երկրում որևէ դրական արդյունքի չի հանգեցրել»:
Թե ինչ էր ցանկանում ասել պատգամավորն, այդպես էլ անհասկանալի մնաց. մեկ անտրամաբանական է համարում նման իրավիճակի առաջացումը մեր երկրում, մեկ չի բացառում դա, մեկ էլ ասում է, որ նույնիսկ զարգացած երկրներում են տեղի ունենում նման բաներ:
Հայաստանում բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք, որպես կանոն, շատ լավ տիրապետում են ներքաղաքական դաշտին. նրանց մեծ մասը հիանալի հասկանում է, թե ինչպես կարելի է չլինել իր տեղում, լինելոչ կոմպետենտ և հակառակ դրա` ստեղծել աշխատող և ազգի մասին մտածող մարդու կերպար: Դրա վառ օրինակն է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որ չգիտես, թե ինչ «մոգական» հմայքով «գերել» է հանրապետության նախագահին և երևի թե միայն վերջինիս աչքին է երևում գործունյա պետական պաշտոնյա` թաքցնելով Հայաստանում և Սփյուռքում հայության ունեցած հսկայական դժգոհությունը:
Այս առումով տեղին է հիշատակել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որ ոչ ավելի, ոչ պակաս, համարում է, որ քաղաքական գործիչը պարտավոր չէ խելացի լինել: Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են:
Այսօրինակ պաշտոնյաների համար կարևորը ԶԼՄ-ներում երևալն է առանց առիթի, առանց ասելիք ունենալու, նույնիսկ առանց հստակ մտքեր ձևակերպելու և ասածի լրջությունը հասկանալու:
Նույնիսկ մի կուսակցության երկու անդամ կարող են սկզբունքային տարբեր կարծիքներ արտահայտել (օրինակ` Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ), բայց ոչ այն պատճառով, որ ներկուսակցական ժողովրդավարություն է իշխում, այլ խնդիրը չեն հասկանում խորությամբ: Օրինակ` ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծի, ապա հայկական բանակը կընդլայնի Արցախի սահմանները մինչև պատմական հայկական Կուր-Արաքս խառնարան, իսկ նույն կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարում է, որ չի բացառվում մեկ-երկու ազատագրված տարածքներ Ադրբեջանին վերադարձնելը:
Կարճ ասած, մեր քաղաքական գործիչների մեծ մասի խոսքն արժեք չունի և նմանվում է ժամանակ առ ժամանակ ջրի տակից դուրս եկող պղպջակի, ինչն անհետևանք կորչում է հենց հաջորդ պահին:
Իսկ միջազգային գործընթացներին խորապես տիրապետող քիչ թվով պաշտոնյաներն էլ մամուլում անընդհատ երևալու կարիք չունեն: Մինչդեռ, Հայաստանում «զորբայություն» անողները հանցավոր անգործություն են դրսևորում միջազգային տարբեր ատյաններում, հատկապես, երբ Թուրքիան ու Ադրբեջանը մեղադրում են մեր երկրին տարբեր մտացածին հանցագործությունների մեջ: Այս իմաստով թերևս պետք է արժանին մատուցել մեր կին պատգամավորներին` Նաիրա Զոհրաբյանին և Զարուհի Փոստանջյանին, ովքեր ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամներ են և արժանիորեն արդյունավետ հայկական քարոզչություն են վարում և անում առավելագույնը հակաքարոզչությունը չեզոքացնելու ուղղությամբ:
Ինչ վերաբերում է ԵԽ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին, նա ԱԺ ՀՀԿ խմբակցությունում գործող այն քչերից է, ով աչքի է ընկնում պրոֆեսիոնալ մակարդակով: Բայց ցավալի է, որ թուրքերի և ադրբեջանցիների հետ ռեստորաններ հաճախող Դավիթ Հարությունյանի անգործության պատճառով էր, որ ԵԽԽՎ-ում Արցախի հարցով ենթահանձնաժողովը վերակենդանացավ, ինչի կապակցությամբ բավական դիպուկ հայտարարություն արեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, որ սովորաբար աչքի է ընկնում դատարկ խոսքով. «Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ ԼՂ հարցով հայաստանյան քաղաքականությունը բացարձակապես չի բխում ինքնորոշված, կայացած ԼՂՀ-ի շահերից: ՀՀ իշխանությունների տարբեր հայտարարությունները, բացի բաժակաճառից, այլ բան չեն»:
Ինչ վերաբերում է ԱԺ ԲՀԿ խմբակցությանը, այստեղ հարաբերական ակտիվություն է դրսևորում ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, որ վերջերս «Առավոտ» թերթում հրապարակեց արցախյան հակամարտության կարգավորման սկզբունքների վերաբերյալ բավական հաջողված հոդված, որում մանրակրկիտ առանձնացնում է այն իրավիճակները, երբ գործում են ազգերի ինքնորոշման և երբ` տարածքային ամբողջականության սկզբունքները: Տարածաշրջանային լուրջ վերլուծություններ և ասելիք ունեցողներ ԲՀԿ-ն կարծես թե այլևս ասելիք չունի, եթե չհաշվենք դեռևս Հ 2-ի տաղավարի վերլուծաբանի կարգավիճակում մնացած Արամ Սաֆարյանին, որ իր արագախոսության պատճառով փորձում է լուրջ ասելիք ունեցող մարդու մտացածին կերպար ստեղծել:
ԱԺ-ում, անշուշտ, հատկանշական է Վիկտոր Դալլաքյանի գործունեությունը, որ խորքից է ընկալում միջազգային և համապետական քաղաքական զարգացումները և, դրանով հանդերձ, արդյունավետ օրենսդրական գործունեությամբ զբաղվում:
Մոտավոր հաշվարկներով` ՀՀ ԱԺ 131 պատգամավորների 70-80 տոկոսին կարելի է համարել ընդամենը կոճակ սեղմող (արդեն սենսորային էկրանի վրա), իսկ միջազգային գործուղումներն էլ` որպես պետության հաշվին արտերկրում հանգիստ անցկացնելու միջոց:
Ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ մեր պետական պաշտոնյաների մեծ մասը չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնի պահանջներին, և կյանքը ցույց է տալիս, որ Հայաստանում հայեցողական պաշտոնյաների նշանակումը կատարվում է, մեղմ ասած, «մակերեսային» կամ «անլուրջ» ընտրության սկզբունքով: Սրա ցայտուն օրինակն է մանկապծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանը, որ բացի Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր լինելուց, նաև ՀՀ ոստիկանության հասարակական խորհրդի անդամ է, «Համագործակցության համար» մեդալակիր և հասարակական հիմունքներով ՀՀ վարչապետի նախկին խորհրդական:
Վերջապես, գործադիրի ղեկավար վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին. նա բանիմաց և ժամանակակից մարդ երևալու համար ոչ միայն ռոք է լսում և դարձել է բլոգեր, այլև սիրում է երևալ Հ 1-ի եթերում երկարամազ և ժելեյած մազերով IT երիտասարդների հետ` չհասկանալով, որ նման պահվածքը հնարավոր է` նյարդայնացնի սոցիալապես ծանր պայմաններում գտնվող ազգաբնակչությանը: Մարդկանց մեջ կարծիք է ձևավորվում, որ վարչապետը կտրվել է իրականությունից ու լուրջ հարցեր բարձրացնելու փոխարեն ինչ-որ «անհասկանալի» բաներ է անում: Ավելին, իր բլոգում վարչապետը խնդրում է իրեն ուղարկել հարցեր, բողոքներ, առաջարկություններ: Հարց է առաջանում, մի՞թե վարչապետը զգում է բողոքների պակաս, եթե այո, ապա ընթացք տալի՞ս է վարչապետն այդ բողոքներին:
Կառլեն ԱՍԱՏՐՅԱՆ

No comments: