Thursday, February 24, 2011

ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՅԼՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆՆ Է

«Լրագիր» 24-2-2011- Կոալիցիայի նոր հուշագրի ստորագրությամբ վերջապես ավարտվեց ներկոալիցիոն փսեւդոքաղաքական պայքարը, առավել հստակ դարձավ, թե` ով-ով է, ուր եւ ում հետ է գնում եւ բարոյական ու քաղաքական ինչ «արժեքների» կրող է: Իհարկե, հուշագրի ստորագրումը կարող էր նաեւ հետաձգվել` հաջորդելով ԱԺ ընտրություններին, որին «Բարգավաճ Հայաստանը» կփորձեր ներկայանալ կիսաընդդիմադիր դեմքով եւ թերեւս քվեարկողների մի մասը էլ արձագանքեր այդ կիսային: Բայց միմյանց նկատմամբ բազմակողմանի խորն անվստահությունը վճռահատվեց Սերժ Սարգսյանի պարտադրանքով:

Ինչեւէ, պատասխան քայլն ընդդիմության դաշտում է: Ժամանակի պահանջն է` անհետաձգելի անհրաժեշտություն է իշխանական դաշտի բետոնացումից դժգոհելուց անդին անցնել եւ իսկապես համարժեք քայլեր ձեռնարկել պետականության գահավիժումը կասեցնելու համար: Քաղաքագիտական լուրջ գիտելիքների անհրաժեշտություն չկա հասկանալու համար, թե որոնք են համարժեք քայլերը: Առավել քան հստակ է` ընդդիմությունը պարտավոր է ճիշտ գնահատել պահի լրջությունը, մի կողմ թողնել անձնական ու կուսակցական վիրավորանքները, հավակնություններն ու անհամաձայնությունները եւ միասնական, համակարգված ծրագրով իրականացնել իշխանափոխություն: Սա թե’ պատմական անհրաժեշտություն է, թե’ օրվա պահանջ եւ թե դրա համար առկա են անհրաժեշտ բոլոր նախադրյալները:

Փաստարկ-հիմնավորումները բազմաթիվ են. երկրի անկումը համակարգային է, բոլոր ոլորտներում համատարած ձախողումներ են, հասարակության մեջ գերիշխող են հակաիշխանական տրամադրությունները, եւ անբնական ու պայթունավտանգ է, երբ փոքրամասնությունը ղեկավարում է մեծամասնությանը: Այսպիսի իրավիճակները հատուկ են բռնատիրական եւ կոշտ ավտորիտար ռեժիմով գոյատեւող պետություններոին, որտեղ իշխանությունները վերարտադրվում են վարչական ռեսուրսների եւ, մասնավորապես, ուժային կառույցների միջոցով, ինչը մեզանում արդեն ավանդույթի ուժ ունի:

Ներքաղաքական տիրույթում առկա են սոցիալական բունտի բոլոր նախապայմանները (վերջին մեկ ամսվա ընթացքում սոցիալական տարբեր խմբերի ընդվզումները ասվածի վառ օրինակ է)։ Սրանք սպառնում են համահայաստանյան բունտի վերածվել եւ կառավարությունն ու իշխանություններն էլ ամեն Աստծո օր իրենց քաղաքական վարքագծով ուղղակիորեն նպաստում են դրան: Ընդդիմությունը պարտավո’ր է տեր կագնել այդ բողոքին, այլապես այն կարող է դառնալ անվերահսկելի եւ նոր փորձությունների առաջ կանգնեցնել պետությանը: Պահի առաջնահերթությունը` քաղաքական դաշտի բետոնազերծումն է, որը շաղախվել է կոալիցիայի կողմից եւ նոր հուշագրով էլ ենթադրվում է` առնվազն յոթ տարվա համար գործունեության բռնազավթված տարածք:

Բետոնապատ դաշտում գաղափարաքաղաքական պայքարի մասին խոսելը, լավագույն դեպքում, միամտություն է: ԱԺ-ում 10-15 պատգամավորական աթոռներն էլ, որոնց ընդդիմադիր ուժերը կփորձեն ստանալ միմյանց բզկտելու միջոցով (ակամայից լեգիտիմացնելով իշխանությունը զավթած կոալիցիային), նույնպես պետության մեջ վիճակ չեն փոխելու` պառլամենտական ներկա ընդդիմությունը դրա խոսուն ապացույցն է:

Ներկա պահին որոշիչ նշանակություն ունի այն, թե կարող են արդյոք կողք- կքղքի կանգնել «Ժառանգությունը», ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն (շահարկումներից խուսափելու համար թվարկումը կատարվել է ըստ այբբենական կարգի ): Իրողությունն այն է, որ եթե նրանք միմյանց հետ չեն, ապա միմյանց դեմ են, ինչը նպաստում է ընդդիմադիր դաշտը պառակտելու իշխաննությունների ջանքերին: Նույն հարթակի վրա նրանց միասին կանգնելը կարող է այդ առանցքի շուրջ համախմբել նաեւ ընդդիմադիր այլ ուժերի: Այս դեպքում արտահերթ ընտրությունների հարցը կարող է դառնալ միավորված ընդդիմադիր դաշտի օրակարգ, որը վաղուց հասունացած հասարակական պատվեր է: Խոսքը հերթական դաշինք-միավորում ստեղծելու մասին չէ:

Նորանկախ Հայաստանի քսանամյա քաղաքական պատմությունը քանիցս ապացուցել է արհեստածին քաղաքական միավորումների անկենսունակությունը: Խոսքը կազմակերպական հստակ գործողությունների ծրագրով համագործակցության մասին է: Այն պետք է ստանձնի ընդդիմադիր դաշտում առաջին հերթին կազմակերպական խնդիրներ իրականացնելու առաքելություն, որի արդյունքում հասարակությանը պետք է տրվի ազատ քվեով ի’ր իշխանությունը ձեւավորելու հնարավորություն:

Այդ համագործակցության ձեւաչափն ու առաջադրված ծրագիրը պետք է կարողանա բավարարել երկու հիմնական պահանջների`հնարավորինս ընդունելի լինի ընդդիմադիր հիմնական ուժերի կողմից եւ, որ ամենակարեւորն է` հասարակությունը պետք է տեսնի իր մասնակցության անհրաժեշտությունն այդ գործնթացներում`դառնալով այդ ձեւաչափով համագործակցության հիմնական երաշխավորը: Այլ խոսքով` հասարակությունը պետք է ընդունի եւ հավատա այդ համագործակցությանը եւ դառնա քաղաքական հետագա զարգացումների գլխավոր պատվիրատուն:

Անառարկելի է, որ եթե գործնական քայլեր ձեռնարկվեն այս ձեւաչափով համագործակցությունն իրականացնելու եւ հասարակության մեջ ընդդիմադիր տրամադրությունները համախմբելու համար, իշխանությունն անմիջապես, որպես հակընդդեմ քայլ, կխաղարկի արցախյան հիմնախնդիրը, որը, ցավոք, դարձել է մշտական շահարկման ու սեփական ձախողումները քողարկելու խաղաթուղթ: Բայց արցախյան հիմնախնդրով ճշմարիտ մտահոգվածները պետք է հստակ գիտակցեն, որ Արցախի ճակատագիրը այսօր վճռվում է Հայաստանում, իսկ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը թե ներքին եւ թե արտաքին ոլորտներում ուղղակիորեն նպաստում է Հայաստանի, հետեւաբար` նաեւ Արցախի թուլացմանը, արտագաղթին եւ , որ ամենացավալին է` սեփական հայրենիքում ապրելու հեռանկարի անորոշությանը:

Եւ, ընդհանրապես, իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը բացարձակապես համարժեք չէ Հայաստանին նետված ներքին եւ արտաքին մարտահրավերներին եւ ուղղակիորեն սպառնում է մեր ներքին եւ արտաքին անվտանգությանը: Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանից արտագաղթը (մեկ տարվա կտրվածքով շրջանառվում է 60 000 թիվը), վարչախմբի կողմից իրականացվող քաղաքականության իրական գնահատականն է:

Ստեղծված իրավիճակի համար պատասխանատվություն ենք կրում բոլորս, եւ առաջիններից մեկը` ընդդիմությունը: Աննախադեպ այս վիճակից դուրս գալու համար կոալիցիան առաջարկել է իր հուշագիր-ծրագիրը` շարունակել սկսած «բարեփոխումների» ծրագիրը: Իսկ թե այդ բարեփոխումների իրական պատկերն ու գինն ինչպիսին է` մեկնաբանություններն ավելորդ են: Պատասխան քայլը քաղաքական ընդդիմությանն է` արդյոք կարող է նա ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը եւ փոխհամագործակցված, համատեղ գործողություններով կանխել մեր պետականության գահավիժումը` ցույց կտա ժամանակը:

ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ

No comments: