Wednesday, February 23, 2011

Մեր ժողովուրդն իր կյանքից դժգոհ է. ՍԴՀԿ ԿՎ անդամ

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը հարցազրույց է տվել «Հայացք» շաբաթաթերթին: Պատասխանելով լրագրողի այն հարցին, կա՞ արդյոք Հայաստանում քաղաքական ճգնաժամ, պրն. Շիրխանյանը պատասխանել է.
«Այսօր քաղաքական ճգնաժամ է Եգիպտոսում, արաբական մի շարք երկրներում: Քաղաքական ճգնաժամն արտահայտվում է ներքին սուր հակադրությամբ, Հայաստանում այժմ այդպիսի հակադրում չկա: Եթե ավելի խորանանք, թե քաղաքական ճգնաժամի տարր կարո՞ղ է լինել քաղաքական դաշտի չկայացվածությունը, կուսակցությունների գաղափարախոսական աշխատանքների բացակայությունը, քաղաքական էլիտայի ցածր որակը, այո, կարելի է ասել, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամի տարրերն առկա են»:
Լրագրողը հետաքրքրվել է, թե Տիգրան Կարապետյանի առաջին հավաքի բազմամարդությունը չի՞ հուշում, որ երկրում քաղաքական ճգնաժամ կա և դժգոհության մեծ լիցք` իշխանությունների նկատմամբ.
«Եթե երկրից շարունակվում է արտագաղթը, նշանակում է` ժողովուրդն իր կյանքից դժգոհ է: Դա սոցիալական, տնտեսական բնույթ ունի: Սոցիալ-տնտեսական վիճակից դժգոհողները Հայաստանում շատ-շատ են, մեր երկրում աղքատությունը չի հաղթահարված, սոցիալական արդարություն չի հաստատված: Եվ բնական է, որ հանրահավաքներին մեծաթիվ մարդիկ պետք է ներկա լինեին»,-ասել է հնչակյան գործիչը:
Շիրխանյանից հետաքրքրվել են, թե Հնչակյան կուսակցությունը ո՞ր քաղաքական ուժի հետ կցանկանար համագործակցել: Վերջինս պատասխանել է.
«Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը համագործակցության խնդիր առայժմ չունի, աշխատանքները կատարում ենք մեր կուսակցության ներսում»:

No comments: