Wednesday, February 23, 2011

www.baku.am-ը «ջախջախիչ» ազդեցություն կունենա Ադրբեջանում

Aysor.am. 23-2-2011- Կլինեն հակաքայլեր կայքէջի ուղղությամբ, որովհետև սա այլընտրանքային էջ է, սա պատմություն է, որը մերժված է այսօրվա Ադրբեջանում: Նման կանխատեսում արեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` www.baku.am կայքի ապագայի մասին:
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ պատրաստված կայքը, Դեմոյանի համոզմամբ, «ջախջախիչ» ազդեցություն կունենա Ադրբեջանում:
«Ալիևը պարբերաբար իր համար հաճույքներ ստանալու առիթներ է ստեղծում: Անցած տարի նա ասել էր, որ քարոզչական պատերազմում Ադրբեջանն է հաղթել հայերին: Այս կայքով մենք ադրբեջանական ամբողջ մեխանիզմի ողնաշարը ջարդում ենք, սրանով նրանց մեջ հարցեր, հիասթափություններ են առաջանալու»,- ասաց Հ. Դեմոյանը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը վստահ է` կլինեն կայքը ջարդելու փորձեր, սակայն հենց «փորձը կոտրելու սեփական պատմությունը ևս լուրջ վկայություն է այն մասին, որ գործ ունենք հիվանդ հասարակության հետ, այլատյացության վարակով պանդեմիայի երևույթի հասած հասարակության հետ, որն առավոտից երեկո միայն լսում է ռևանշիզմի հայտարարություններ»:
Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրենն ընդգծեց, որ www.baku.am կայքը հայկական ճակատի «լայնամասշտաբ գրոհն է Ադրբեջանական տեղեկատվական և քարոզչական պատերազմի դիրքերին»:
«Կայքը ջախջախիչ ազդեցություն է ունենալու, քանի որ սրա դեմ պաշտպանություն չկա, չկա այլընտրանքային տեղեկություն` համարժեքը ներկայացնելու, սեփական մայրաքաղաք Բաքուն քաղաքակրթական ներկայությամբ զարդարելու մասին»,- հայտարարեց Հայկ Դեմոյանը:
Կայքի շնորհանդեսին ներկա տեղեկատվության անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ հայկական կայքերը, որոնք ինչ-որ ձևով փորձում են օբյեկտիվ իրականությունը ներկայացնել, գտնվում են անընդհատ հարձակումների տակ:
Հատկապես փետրվար ամսին, փորձագետի դիտարկմամբ, Խոջալուի հետ կապված ադրեջանական կողմից հայկական կայքերը ջարդելու մեծ ակտիվություն է նկատվում:
«Ադրբեջանում հակերների նյարդային սրման օրերն են սկսվում, և ծայրահեղ ակտիվ օրեր կլինեն: www.baku.am կայքը տեղադրվել է վերահսկվող սերվերի վրա, բայց ամենապաշտպանված կայնքն էլ կարող է հարձակման զոհ գնալ»,- ասաց Ս. Մարտիրոսյանը:

No comments: