Wednesday, March 30, 2011

Թուրքիայի խորհրդարանի նախագահը հայ-թուրքական արձանագրությունների շնորհիվ փակված է համարում Հայկական հարցը

News.am. 30-3-2011- Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը Ֆրանսիայի Սենատի ԵՄ-ի գործերով հանձնաժողովի նախագահ Ժան Բիզեյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Թուրքիան եւ Հայաստանը Շվեյցարիայում արձանագրություններ են ստորագրել, որով համաձայնության են հասել վիճելի հարցերի ուսումնասիրման խնդրում։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի խոսնակը նախ շնորհակալություն է հայտնել Ժան Բիզեյին՝ նշելով, թե նաեւ նրա ջանքերի շնորհիվ է, որ Ֆրանսիայի ազգային ժողովում 2001-ին եւ 2006-ին ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծերը չեն ներառվել Սենատի օրակարգ։
«Մենք կարծում ենք, որ հայերի պնդումներն ակադեմիական քննարկումների թեմա են։ Ազգի հիշողությունները կարեւոր են, սակայն դա չես կարող միայնակ ապացուցել։ Պետք է անկողմնակալ եւ ակադեմիական աշխատանք սկսել։ Այդ խնդիրը խորհրդարաներինը չէ։ Իհարկե, նախկինում ցավալի իրադարձություններ են տեղի ունեցել։ Հայերը, թուրքերը եւ մյուս ազգությունների ներկայացուցիչները նախկինում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տառապանքներ են կրել։
1,5 տարի առաջ Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները հանդիպեցին Շվեյցարիայում, ստորագրեցին արձանագրություններ, որով համաձայնության հասան ստեղծել պատմաբանների հանձնաժողով եւ ուսումնասիրել այդ վիճելի խնդիրները»-ասել է Մեհմեդ Ալի Շահինը։

No comments: