Wednesday, March 30, 2011

ԱՄՆ ՀՐԱԺԱՐՎՈ՞ՒՄ Է ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ

«Լրագիր» 30-3-2011- Անցյալ շաբաթ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան, իսկ այնուհետև Հայաստանում նրա գործընկեր Մարի Յովանովիչը բավական միանշանակ արտահայտվեցին Ղարաբաղում քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու ադրբեջանական սպառնալիքի անթույլատրելիության մասին: Ինչպես հայտնի է, մայիսի 9-ին ղարաբաղյան օդանավակայանից կկատարվի առաջին չվերթը 1992-ից ի վեր:
Սա առիթ է տվել մի շարք փորձագետների հայտարարելու, որ ԱՄՆ-ն, ըստ ամենայնի, հայկական կողմերին անվտանգության երաշխիքներ է տվել: Հնարավոր է, որ նման եզրակացությունները «զայրացրել են» Բաքվին, և Մեթյու Բրայզան ստիպված է եղել հրաժարվել իր նախորդ հայտարարությունից:
Երեկ դեսպանը հայտարարել է, որ «Հայաստանը և Ադրբեջանը նախքան օդնավակայանի բացումը պետք է լուծեն թռիչքների անվտանգության խնդիրը»: «Ես ներկայացնում եմ ԱՄՆ ղեկավարության դիրքորոշումը, որը գտնում է, որ կողմերը պետք է միասին քննարկեն այդ հարցերը նախքան օդանավակայանի բացումը: Մենք կարծում ենք, որ մանրամասները կարող են մշակվել», տեղեկացրել է ադրբեջանական Թրենդ գործակալությունը` մեջբերելով դիվանագետի խոսքերը:
Մինչ այդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ներկայացնելով գնահատման առաքելության արդյունքները, նույնպես հայտարարել են, որ Ադրբեջանը չպետք է սպառնա քաղաքացիական ավիացիային:
Ի վիճակի՞ են արդյոք միջնորդները երաշխավորել Ղարաբաղում քաղաքացիական չվերթների անվտանգությունը: Եվ եթե ոչ, ապա ի՞նչ արժե նման միջնորդությունը, որի դեպքում գերտերությունները չեն կարող համոզել Ադրբեջանի ղեկավարությանը հետևել գոնե մարդասիրական նորմերին: Ինչպե՞ս են միջնորդները կյանքը պատկերացնում Ղարաբաղում, Աստված մի արասցե, «մադրիդյան» կարգավորման դեպքում: Ադրբեջանական իշխանությունների այսպիսի «մարդասիրական» տրամադրվածության դեպքում արդյո՞ք մադրիդյան սկզբունքները Ղարաբաղի ժողովրդին չեն մատնում բռնության նոր ալիքի:
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: