Wednesday, March 30, 2011

Ադրբեջանցի գործիչ. Խոսքի ազատությունը ոտնահարվում է Ադրբեջանում, ինչն արագացնում է հեղափոխության գործընթացը

Panorama.am. 30-3-2011- Ադրբեջանում «Ազադլիգ» թերթի լրագրողի նկատմամբ կիրառված բռնության դեպքից հետո սկսել են ակտիվանալ լրագրողական և հասարակական կազմակերպություններն ու քաղաքական ուժերը:
«Վերջ տալ ազատ մամուլի նկատմամբ կիրառվող ճնշումներին» խորագրով Բաքվում անցկացվել է քաղաքացիական հասարակության համաժողով:
Այս մասին հաորդում է Թուրան գործակալությունը:
Համաժողովի քննարկման հիմնական թեման եղել է «Ազադլիգ» թերթի լրագրող Սեյմուր Հազիևին առևանգելու և ծեծի ենթարկելու փաստը: «Ազադլիգ» թերթի խմբագիր Հանիմատ Զահիդը իրողությունը անվանել է Ադրբեջանում լրագրողներին հետապնդելու պրակտիկայի շարունակություն, ինչպես նաև կասկածանք է հայտնել այս հանցագործության բացահայտման վերաբերյալ ներքին գործերի նախարարի խոստման առնչությամբ:
Համաժողովի ժամանակ նաև ընդհանուր կարծիք է հնչել, որ մամուլի ազատության ոտնահարման կապակցությամբ պետք է անցկացնել զանգվածային բողոքի ակցիա:
Աղբյուրի փոխանցմամբ, համաժողովին ներկա դաժան ծեծից տուժած Ս. Հազիևն իր նկատմամբ կատարվածը գնահատել է լրագրողների նկատմամբ մինչ այս կատարված հանցագործությունների անբաժան մաս, որի համար պատասխանատվություն են կրում իրավապահ մարմինները:
Հազիևը նաև ներկաներին հիշեցրել է, որ իրեն 2010թ. մայիսին ժամանակավոր կալանքի տակ գտնվելու ժամանակ կարճ ժամանակով դուրս են բերել փողոց և ծեծի ենթարկել և հայտարարել է, որ հենց այդ բռնարարքը իրականացնողներն էլ արտոնել են իրեն առևանգելու և ծեծի ենթարկելու փաստը: «Իշխանությունները գիտեն թե դա ով է արել»,- հայտարարել է Հազիևը:
Ազատական կուսակցության ղեկավար Լալա Շովքեթն էլ նշել է, որ այս հանցագործության թիկունքում կանգնած է իշխանությունը:
«Նմանատիպ գործողություններով նրանք միայն արագացնում են հեղափոխության գործընթացը»,- հայտարարել է Շովքեթը:

No comments: