
Հիշարժան է շաբաթներ առաջ Հայ ազգային կոնգրեսի լիդերներից մեկի` Դավիթ Շահնազարյանի հայտարարությունն այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է իր շահից ելնելով ապակայունացնել Հայաստանը, ինչը Կոնգրեսը թույլ չի տա: Այսինքն, Քոչարյանը, ըստ Դավիթ Շահնազարյանի, փորձում է խաղալ ոչ շախմատային կամ հակաշախմատային կանոններով: Ընդ որում, Քոչարյանն իր թե նախագահական, եւ թե նաեւ հետնախագահական գործունեությամբ է ցույց տվել, որ շախմատային հակումներ չունի եւ գերադասում է առաջնորդվել ասենք բռնցքամարտի ոգով:
Բայց դա ենթադրում էր, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է այժմ փորձեր անպայման հակագրոհել եւ պատասխան հարված հասցներ իրեն հարվածած Տեր-Պետրոսյանին ու Սերժ Սարգսյանին: Մի՞թե Ռոբերտ Քոչարյանն էլ սկսել է շախմատ խաղալ եւ գերադասում է հաշվարկել հնարավորին շատ քայլեր առաջ եւ մտածում, որ եթե այժմ ինքը փորձի հարվածել, ապա հետո Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի պատասխանը կարող է էլ ավելի ուժգին լինել: Այդ իսկ պատճառով Քոչարյանը թերեւս գերադասում է լռել եւ դադար պահել, ակնկալելով, որ ի վերջո ինչ որ պահի Սերժ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը կամ հայտնվելու են պատային իրավիճակում, կամ մեկը մյուսին անխուսափելիորեն շախ է տալու եւ մատ հայտարարի, ինչը` Տեր-Պետրոսյանի մատ լինելու դեպքում նշանակում է երկրում համակարգային ճգնաժամի կամ լճացման խորացում, իսկ Սերժ Սարգսյանի մատ լինելու պարագայում` իշխանական համակարգի համար իրադրության գերլարում:
Քոչարյանը թերեւս երկու դեպքում էլ շանս է տեսնում իր քաղաքական շահն առաջ մղելու համար, այդ իսկ պատճառով էլ առայժմ սպասում է եւ չի արել որեւէ հայտարարություն, չի տվել որեւէ հարցազրույց:
Ի դեպ, նրա շահն առաջ կգնա նաեւ այն դեպքում, երբ Տեր-Պետրոսյան-Սարգսյան պարտիան երկարի, քանի որ այդ դեպքում էլ ժամանակն է սպառվելու հօգուտ Քոչարյանի, եւ ում դրոշն առաջինն ընկավ, մյուսը ստիպված է լինելու շախմատ սկսել արդեն Քոչարյանի հետ: Իսկ ինչ է լինելու դրանից հետո: Հայաստանյան օրակարգում թերեւս ավելի ու ավելի հրատապերից է դառնում նաեւ հենց այդ հարցը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
No comments:
Post a Comment