Friday, March 4, 2011

«ՄԵՆՔ ԻՆՔՆԱՎԱՐ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԸ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԵՆՔ ՀԱՄԱՌ ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՆՁՆՈՒՐԱՑ ՊԱՅՔԱՐՈՎ»

Հայտարարում է Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր տիկ. Քըշանաքը
«ԱԶԳ», 04-03-2011- Թեեւ արաբական երկրների օրինակով զանգվածային խռովությունները Թուրքիային չեն սպառնում, սակայն երկրում հետզհետե սրվում է քրդական հարցը: Այդ ընթացքում նոր բնույթ է ձեռք բերում քրդերի սահմանադրական իրավունքների համար պայքարը, որի առաջամարտիկներից է Թուրքիայի ազգային ժողովում 21 պատգամավոր, հետեւաբար եւ խմբակցություն ունեցող «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը:
Ինչպես մարտի 2-ին նշել են թուրքական լրատվական գործակալությունները, նույն օրը մասնակցելով Շըրնաքի Սիլոփի գավառում «Ազատ կանանց ժողովրդավարական շարժման» նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը, «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ տիկ. Գյուլթեն Քըշանաքը ելույթ է ունեցել, զգուշացնելով Թուրքիայի ղեկավարներին: Նա խոսքն ուղղելով Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ասել է. «Այս վարչապետը Անկարայում նստած 8 տարի շարունակ վայելում է պաշտոնի բարիքները: Ոչ մի ջանք չի խնայում, որ ձախողի հաշտեցման մեր ջանքերը: Ամեն ինչ արեցին, որպեսզի ձախողվի PKK-ի միակողմանի հայտարարած զինադադարը: Եվ երեկ PKK-ի քաղաքային կազմակերպությունըՙ KCK-ը նոր հայտարարություն արեց եւ ասաց, որ այլեւս անիմաստ է շարունակել զինադադարի ռեժիմը: Հետայսու արյան յուրաքանչյուր կաթիլի պատասխանատուն Էրդողանն է լինելու: Ամեն մի սպանության համար նմանապես: Փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքն ասում է. «Մենք չենք սակարկում»: Ռադդ քաշիր: Դու ո՞վ ես, որ մեզ հետ սակարկես: Մենք մեր իրավունքները ստանալու ենք համառ դիմադրությամբ, անձնուրաց պայքարով եւ սլանալով դեպի անկախություն, ինքնավար ժողովրդական Քուրդիստանն ենք կառուցելու: Դու, Ջեմիլ Չիչեք, ի՞նչ ես քեզանից ներկայացնում, որ փորձում ես կանգնեցնել մեր ընթացքը: Երկրում օրական 5 կին բռնության զոհ է դառնում: Կանայք ամեն օր ենթարկվում են սեռական ոտնձգության, հալածանքների: Ո՞ւր է ձեր պետությունը կամ ո՞րն է քաղաքացիների կյանքի անվտանգության ձեր ըմբռնումը: Բոլոր հարցերը թողած, կենտրոնացել են մեր պայքարի վրա: Շրջանում (քրդաբնակ) իրավիճակը պայթյունավտանգ է, կարող է ամեն պահի պայթել: Սա սպառնալիք չէ, այլ իրողություն: Պատասխանատվությունն ընկնում է կառավարության վրա»:
Տիկ. Քըշանաքին ելույթով հավելել է «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության մյուս փոխնախագահ Սելահաթդին Դեմիրթաշը , ընդգծելով. «Իրավիճակը ծայրահեղ լարված է: Մի կայծով կարող է պայթել: Չի բացառվում, որ ժողովուրդը (քուրդ) դուրս գա փողոց եւ ինքը լուծում առաջադրի, ինչպես Թունիսում եւ Եգիպտոսում առաջադրեց»:

No comments: