Thursday, March 31, 2011

«Ժամանակ». Մեծ Բրիտանիայի դեսպանը խորհուրդ է տալիս իրար հետ չկապել ժողովրդավարությունն ու ԼՂ կարգավորումը

«Ժամանակը» զրուցել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի հետ:

-Շատ փորձագետներ թերահավատորեն են վերաբերվում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացին: Նրանք կարծում են, որ եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը ժողովրդավարական իշխանություն չունեն, իսկ միմյանց նկատմամբ չունեն բավարար վստահություն: Կարծում եք` որեւէ հակամարտություն, այդ թվում` եւ ԼՂ հակամարտությունը, կարո՞ղ է լուծվել առանց ժողովրդավարական ինստիտուտների հաստատման:
-Ժողովրդավարական ինստիտուտների կայացումը եւ բանակցային գործընթացը շատ կարեւոր են: Դրանք զուգահեռ պիտի տարվեն: Բայց չարժե այդ երկու գործընթացները կապել միմյանց: Հնարավոր է հասնել հակամարտությունների լուծման երկրներում, որոնք չունեն ժողովրդավարական ինստիտուտներ: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, իհարկե, մենք կուզեինք ավելի արագ արդյունքներ տեսնել` ներառյալ փոխզիջումների գնալու պատրաստակամությունը, ներառյալ եւ այն, որ երկու կողմերն էլ, բաց քննարկումներ անցկացնելով, իրենց հասարակություններին պիտի բացատրեն, թե ինչ փոխզիջումներ են անհրաժեշտ հակամարտության լուծման համար:

-Ո՞րն է, ըստ Ձեզ, ՆԱՏՕ-ի դերը Հարավային Կովկասում:
-Մենք շուտով կբանակցենք Հայաստանի հետ երրորդ համագործակցության ծրագրի շուրջ: Եկող շաբաթ կքննարկենք երկրորդ համագործակցության ծրագրի արդյունքները: Մեծ առաջընթաց է գրանցվել, եթե նայենք պաշտպանության ոլորտի բարեփոխումներին: Հայաստանում, ինչպես նաեւ Վրաստանում, Ադրբեջանում ժողովուրդները պիտի որոշեն` որքան արագ զարգացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Հետաքրքիր է, օրինակ, որ Հայաստանը միաժամանակ կարող է մասնակցել երկու ռազմական դաշինքի ծրագրերում: ՆԱՏՕ-ն չի ստիպում որեւէ երկրի համագործակցել:

-Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միաժամանակ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները ինչպե՞ս եք գնահատում:
-ՆԱՏՕ-ն բաց է երեք երկրների հետ համագործակցության համար: Հարցն այն է` ի՞նչ չափի համագործակցություն են նրանք ակնկալում: Երեք երկրների հետ համագործակցության քայլեր են արվում: ՆԱՏՕ-ին անդամակցելու համար երկիրը պիտի որոշակի բարեփոխումներ կատարի: Բոլոր երկրներում առաջընթաց կա այդ առումով:

No comments: