Thursday, March 10, 2011

«Հայ-թուրքական կարգավորումն ու Արցախի հիմնախնդիրը փոխկապակցված են». թուրք դեսպան

HayNews.am 10-3-2011-Վաշինգթոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը Ջոն Հոփքինսի համալսարանի միջազգային հետազոտությունների կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ խոսել է Թուրքիայի արտաքին քաղաքականությունից` անդրադառնալով նաև հայ-թուրքական հարաբերություններին և այդ հարցում Արցախի նախապայմանի առկայությանը:
Թանը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կախված է արցախյան հակամարտության լուծումից, ինչպես նաև աջակցություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին:
«Աջակցում ենք Մինսկի խմբի աշխատանքներին: Մինսկի խմբի համանախագահ երկրները հարցին լրջորեն են վերաբերում: Անցյալ շաբաթ Վաշինգթոն այցելած Թուրքիայի փոխարտգործնախարարը նույնպես քննարկել է այդ հարցը»,-նշել է Թանը և հավելել. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ու Արցախի հիմնահարցն իրար փոխկապակցված են»:
Հիշեցնենք, որ 2009 թվականի հոկտեմբերի 19-ին Ցյուրիխում ստորագրվեցին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունները:
Թուրքիայի խորհրդարանը սկսեց ձգձգել դրանց վավերացումը: Բացի այդ, թուրքական կողմը սկսեց խոսել նախապայմանների լեզվով և փորձեց հայ-թուրքական կարգավորումը կապել Արցախի հիմնահարցի լուծման հետ: Այս ամենի արդյունքում ՀՀ ԱԺ-ն առկախեց Արձանագրությունների վավերացումը:

No comments: