Thursday, March 31, 2011

Թուրքիան խնդրել է Սերժ Սարգսյանին` վերադարձնել մեկ-երկու շրջան Բաքվի դեմքը փրկելու համար

News.am.31-3-2011- Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ հանուն Հայաստանի հետ հարաբերությունների կորցնել Ադրբեջանը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն «Ազգ» թերթի հետ զրույցում:
Հայ-թուրքական արձանագրությունների հետագա ճակատագրին անդրադառնալով` Դավութօղլուն ասել է. «Իրականում մենք հայկական կողմի հետ Պրոտոկոլների վրա աշխատում էինք 3 տարի շարունակ: Իրականության մեջ մեր եւ Հայաստանի միջեւ շփումներն սկսվել են 2005 թ.-ից, երբ մեր կառավարությունը հայտարարեց դեպի ողջ աշխարհը իր բացվածության, «Հարեւանների հետ զրո պրոբլեմ» ունենալու իր քաղաքականության մասին: Իսկության մեջ հայկական կողմի հետ մեր բանակցությունները հետապնդում էին 3 նպատակ, բացելով սահմանը եւ հաստատելով դիվանագիտական հարաբերություններ` ստեղծել ուղղակի եւ անուղղակի հարաբերություններ` Թուրքիայի եւ Հայաստանի, եւ թուրքերի ու հայերի միջեւ»:
Ըստ նրա` խոսքը նաեւ վերաբերում է Սփյուռքի հայերին, որոնց «մենք նկատում ենք մեր Դիասպորան, քանզի նրանք Թուրքիայից են արտագաղթել Ամերիկա, Ֆրանսիա»:
«Հայերը կարծում են, որ հարաբերությունների նորմալացումը պարզապես սահմանի բացմամբ եւ դիվանագիտական հարաբերություններով է պայմանավորվում: Այնինչ մենք շատ մեծ փորձ ունենք նման պարագաներում: Օրինակ` Սիրիայի եւ Իսրայելի միջեւ հաշտեցման գործում հաջողության հասնելու համար մենք ահագին ջանքեր ենք թափել, եւ երբ թվում էր, թե հարցը լուծման ընթացքի մեջ է արդեն, Գազայի դեպքերը պատահեցին եւ ամեն ինչ վերադարձավ ելման կետ: Միայն սահմանը բացելով ոչինչ չի փոխվում: Մի ողջ շարք կա հարցերի, որոնք պետք է համալիր լուծման ընթացքի մեջ դրվեն: Իսկ եթե Հայաստան-Ադրբեջան սահմանի վրա, ուր գրեթե ամեն օր կրակոցներ կան, որեւէ բան պատահի՞, փակելու ենք սահմանը նորի՞ց: Այդ պարագայում հարաբերությունների հաստատման եւ կոնֆլիկտների լուծման բոլոր հեռանկարները կտապալվեն տեւական ժամանակով»,- ասել է Դավութօղլուն:
«Մենք չենք կարող մեզ թույլ տալ հանուն Հայաստանի հետ հարաբերությունների կորցնել Ադրբեջանը: Մենք խնդրեցինք նախագահ Սարգսյանին, ես քանիցս առաջարկեցի իմ գործընկեր Նալբանդյանին, որպես Ադրբեջանի համար դեմքը փրկելու ժեստ. գրավյալ շրջաններից մեկը կամ երկուսը, օրինակ` Ֆիզուլին եւ կամ Աղդամը վերադարձնել, որի պարագայում Բաքուն պատրաստ կլիներ նույնպես բացելու իր սահմանը: Հայաստանը մերժեց»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

No comments: