
Panorama.am. 30-3-2011- «Լիբիայի դեմ պատժամիջոցներ կիրառվում են ոչ դեմոկրատական արժքների և ցմահ վարչակարգի առկայության պատճառով: Ադրբեջանն էլ հորից որդի փոխանցվող սուլթանատ է, որը դեմոկրատիայի հետ բացարձակապես ոչ մի կապ չունի: Իրենք լավ կանեին` Հայաստանը Ադրբեջանի հետ չշփոթեն»,- մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի
աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովի հայտարարությունը` Panorama.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը և հավելեց, որ բոլորի համար էլ ակնհայտ է, որ Հայաստանը բռնել է ժողովրդավարական ուղին և հետևում է դրա արժեքներին:
Հիշեցնենք, որ այսօր Ալի Հասանովը, մեկնաբանելով Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևի ակնթարթային իրականացումը, տարակուսանք է հայտնել այդ կապակցությամբ և նշել. «Այս ամենը վկայում է միջազգային քաղաքականության մեջ երկակի չափանիշների առկայության մասին: Երբ ՄԱԿ-ի ԱԽ-ն Լիբիայի բռնակալի դեմ բանաձև է ընդունում, այն անմիջապես մեծագույն կամքով ի կատար է ածվում, այն դեպքում, երբ Հայաստանի վերաբերյալ տարբեր ժամանակներում ընդունված 4 բանաձևերը չեն իրականացվում արդեն 20 տարի»:
No comments:
Post a Comment