Thursday, March 10, 2011

Հայ նկարչուհու ցուցահանդեսը` ՄԱԿ-ում

HayNews.am. 10-3-2011- ՄԱԿ-ի կենտրոնատեղիում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպել է ծագումով գյումրեցի նկարիչ Էմմա Գրիգորյանի «Կինը եւ գարունը» խորագրով ցուցահանդեսը, որի բացմանը ս.թ. մարտի 8-ին մասնակցել են օտարերկրյա առաքելությունների ղեկավարներ, դիվանագետներ, ՄԱԿ-ի քարտուղարության, հայ համայնքի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Ցուցահանդեսի բացման ընթացքում ելույթով հանդես են եկել ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանը եւ ՄԱԿ-ի նորաստեղծ գենդերային միավորի (UN Women)-ի գործադիր խորհրդի նախագահ, Նիգերիայի դեսպան
Ջոյ Օգվուն:
Շնորհավորելով կանանց միջազգային օրվա առթիվ` դեսպանները իրենց ելույթներում կարեւորել են հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար իրավունքների եւ հնարավորությունների ապահովման, էգալիտար գենդերային մշակույթի ձեւավորման անհրաժեշտությունը:
Մեկ շաբաթ տեւողությամբ ցուցահանդեսը նվիրված է նաեւ ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովում Հայաստանի երկամյա նախագահության ավարտին:

No comments: