Friday, April 8, 2011

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸՙ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ

«ԱԶԳ» , 08-04-2011- 1982 թվականից ԻԿՕՄՕՍ-ի առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ապրիլի 18-ը նշում է Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օր: Այս տարի ժառանգության պահապաններն ողջ աշխարհում կանդրադառնան մշակութային ու բնության ժառանգությանըՙ «Ջրի ժառանգությունը» խորագրի ներքո: Ջուրը մեր օրգանիզմի եւ մեզ շրջապատող միջավայրի հիմնական բաղադրիչն է: Կյանքն առանց ջրի անհնար է. այն կյանքի գոյության սկզբնաղբյուրն է: Ջրի նկատմամբ վերաբերմունքը ծագում է մարդկային պատմության վաղնջական ժամանակներից եւ ջրի նկատմամբ փորձը, գիտելիքներն ու հմտությունները փոխանցվում են սերնդե-սերունդՙ սնելով մեր ոչ նյութական ժառանգության շտեմարանը. Վարդավառը, Ջրօրհնեքը, Ջուր կաղանդելու սովորույթը այդ շարքից են: Գեղամա լեռներում, Սեւանա լճի հյուսիս-արեւելյան ափին, Արագածի լանջերին, Գառնիում եւ այլուր հայտնաբերված վիշապները հազարամյակներ առաջ դեռեւս խորհրդանշել են ջրի պաշտամունքը Հայաստանում:
Ընդառաջ գնալով «Ջրի ժառանգությունը» միջազգային նախաձեռնությանըՙ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը եւ «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հասարակական կազմակերպությունը նախաձեռնել են մի շարք միջոցառումներ, որոնց թվում են «Ժառանգությունը եւ ջուրը» թեմատիկ պաստառների ցուցահանդեսը, որի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ոչ միայն ծանոթանալ ջրի կարեւորությունն ու ներկայությունը հայկական եւ համաշխարհային ժառանգության մեջ, այլեւ համտեսել Հայաստանում շշալցվող աղբյուրի ջրի տարբեր տեսակներ:
Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ, ՀՀ ՊՆ-ի եւ արգելոց-թանգարանի միջեւ ձեւավորված համագործակցության շրջանակներում, Նուբարաշենի 5-րդ բանակային կորպուսի զինծառայողները ապրիլի 14-ին մաքրման աշխատանքներ կիրականացնեն Էրեբունի, Շենգավիթ եւ Կարմիր բլուր հնավայրերի տարածքում: Միջոցառումների շարքը կավարտվի ապրիլի 18-ին «Սեւան-Հրազդան» կասկադումՙ ՀՀ միացյալ էներգահամակարգը սնող արդունաբերական հսկան, որը պահպանվում է պետության կողմիցՙ որպես 20-րդ դարի արդյունաբերական ժառանգության օրինակ:

Մ. ՄԱԿԱՐՅԱՆ

No comments: