Saturday, April 16, 2011

«1937-38 ԹԹ. ԴԵՐՍԻՄԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՐԺԵՔ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ».

«Հարցը կներկայացվի ՄԱԿ-ին առընթեր Միջազգային քրեական դատարան»

«ԱԶԳ», 16-04-2011- Քեմալականների իթթիհատական ծագումն ու օսմանյան ցեղասպան քաղաքականության ժառանգականությունը Հայոց ցեղասպանության չուսումնասիրված հարցերից է: Ժառանգականության պարագայում խնդիրը սոսկ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մերձակա շրջապատը կազմող հայ ազգի դահիճները, հայերի բնաջնջման երիտթուրքերի քաղաքականությունը շարունակելու քեմալականների հետեւողականությունը, նորաստեղծ Թուրքիայի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների հետ պետության հարաբերությունները հայկական հարցում իթթիհատականների կիրառած բնաջնջման այդ նույն սկզբունքով կարգավորելու մոտեցումը չէ, ոչ էլ հայերի հետ նաեւ ասորիներին ու հույներին ցեղասպանության ենթարկելը, այլ Դերսիմի կոտորածները, որոնք իրագործվել են 1937-38 թթ.:

Այլ կերպ, եթե հայերի, հույների, ասորիների պարագայում քեմալականները շարունակում էին իթթիհատական ցեղասպան քաղաքականությունը, ապա Թունջելի վերանվանված Դերսիմի կոտորածները նրանց ինքնուրույն նախաձեռնությունն էր: Ի դեպ, թուրքական պատմագրության մեջ իբրեւ ապստամբություն հիշատակվող այս իրադարձությունները թուրք պետական գործիչներից առաջինը կոտորած է անվանել վարչապետ Էրդողանը:

Թեեւ նա դրանով բուռն հակազդեցություն է առաջ բերել ինչպես ընդդիմության, այնպես էլ երկրի քաղաքական շրջանակներում, սակայն հարցի վերարծարծման պատճառ է դարձել, նպաստելով դրա վերանայման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծմանը:

Թերեւս դրանով պետք է պայմանավորել հարցի առնչությամբ Դերսիմում ուսումնասիրություններ կատարելու եւ դա Միջազգային քրեական դատարան ներկայացնելու նախաձեռնությունը, որպեսզի Դերսիմի իրադարձությունները եւս ճանաչվեն իբրեւ ցեղասպանություն: Նախաձեռնող խմբի մեջ են ամերիկացի փաստաբան, պրոֆ. Բերրի Ֆիշերն ու Հրանտ Դինքի ընտանիքի դատապաշտպան Էրդալ Դողանը: Ինչպես ապրիլի 12-ին նշել էր «Ռադիկալ» թերթը, այս հանձնախումբն օրերս ուղեւորվել է Դերսիմ, հանդիպել է 1937-38 թթ. իրադարձությունների ականատեսներին եւ ուսումնասիրություններ է կատարել այն վայրերում, որտեղ իրականացվել են զանգվածային կոտորածները:

Դողանն ասել է, որ Դերսիմի իրադարձությունները համարժեք են ցեղասպանության, հարցը Միջազգային քրեական դատարան ներկայացնելու համար թուրք փաստաբան Էրեն Քեսքինի եւ ամերիկացի փաստաբան Ֆիշերի հետ համատեղ աշխատանքներ են ծավալվում, հավաքվում են փաստեր եւ գրառում ականատեսների վկայությունները:

Բերրի Ֆիշերն ավելացրել է, որ 1937-38 թթ. իրադարձությունները բնույթով չափազանց ողբերգական են եղել, ցավոք, առ այսօր ոչ ոքի չի հետաքրքրվել դրանով: Այնուհետեւ նա ընդգծել է. «Եղել եմ այն վայրերում, որտեղ զանգվածաբար ոչնչացրել են կանանց, երեխաներին, տղամարդկանց: Ես այնտեղ ցավոք չտեսա զոհվածների հիշատակին նվիրված որեւէ հուշարձան, ոչ էլ լսեցի որեւէ խոսք իրադարձությունների մասին: Այդպիսի իրավիճակ ստեղծվել էր նաեւ հրեաների ցեղասպանությունից հետո: Ինձ վրա ծանր տպավորություն է թողել իրադարձությունների լռության մատնվելը: Ականատեսները 80-90 տարեկան են: Թեեւ նույն բանը կատարվել է նաեւ հրեաների հետ, սակայն Թուրքիայում բնակվող ժողովուրդների համար կարեւոր է պատմության վերաիմաստավորումն ու վկայություննեի գրառումը: Այլապես ականատեսները կմեռնեն, որից հետո այլեւս վկա չի մնա»:

Պրոֆ. Ֆիշերը հույս է հայտնել, որ վերստին կայցելի Դերսիմ, եւ հարցը մանրամասն քննարկելու նոր առիթ կունենա: Նա հնարավոր է համարել հարցին տարաբնույթ մոտեցումների ցուցադրումը եւ խոսել է կոտորածներին մասնակից պետական որոշ գործիչների դեմ Միջազգային քրեական դատարան հայցը ներկայացնելու հավանականության մասին:

Նա ասել է. «Սպանված կանայք, երեխաներն ու տղամարդիկ ո՛չ գրոհային են եղել, ո՛չ էլ որեւէ սպառնալիք են ներկայացրել Թուրքիայի Հանրապետության բանակի համար: 1937-38 թթ. իրադարձությունները որպես ցեղասպանություն բնութագրելու հարցում կան տարբեր կարծիքներ: Սակայն դա տեխնիկական խնդիր է: Ինձ համար կարեւորը ոչ թե իրադարձությունների բնութագրումն է, այլ դրանց մասին ճշմարտությունը: Դերսիմում իրականացված զանգվածային կոտորածները, բնակչության բռնի տեղահանումը, տեղանունների փոփոխությունը կամ մայրենի լեզվի օգտագործման արգելումը բազմաթիվ առումներով ավելի են, քան մշակույթի եւ էթնիկ խմբավորումների ոչնչացումը»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: